Միջազգային

Թուրքիան անդրադարձել է Փելոսիի՝ Հայաստան այցին

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը քննադատել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հայտարարությունները Հայաստան կատարած այցի ժամանակ։ Օքթայն ընդգծել է, որ նրա խոսքերը ոչ մի կապ չունեն պատմական փաստերի, ինչպես նաև՝ այսօրվա իրողությունների հետ։

«ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակի հայտարարությունները հեռու են բարի կամքից և օբյեկտիվությունից։ Այս անընդունելի հայտարարությունները սաբոտաժ են անում տարածաշրջանում դիվանագիտական ​​ջանքերը»,- գրել է Օքթայը Twitter-ում:

Թուրքիայի փոխնախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է հստակ ասի՝ արդյո՞ք Փելոսիի և նրան ուղեկցող մի շարք հայամետ գործիչների հայտարարությունները արտացոլում են Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հարցում։

«Այն ժամանակ, երբ Հարավային Կովկասն, առավել քան երբևէ, կարիք ունի խաղաղության և կայունության, ես կոչ եմ անում միջազգային խաղացողներին՝ գործել առավելագույն կշռադատվածությամբ, արդարությամբ և, առաջին հերթին, պատասխանատվությամբ»,- ասել է Թուրքիայի փոխնախագահը։