Միջազգային

Ճապոնիայի նախկին վարչապետ Աբեի հուղարկավորությանը կժամանեն Սարկոզին, Ռենցին և Մեյը

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորությանը կժամանեն Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը և այլ պաշտոնատար անձինք: Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն:

«Բացի ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարրիսից և այլ պաշտոնատար անձանցից, որոնց մասին ավելի վաղ հաղորդվել էր, հուղարկավորությանը ներկա կլինեն Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին, Շրի Լանկայի նախագահ Ռանիլ Վիկրամասինգհեն, Կորեայի վարչապետ Հան Դոկ Սուն, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆը, Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը: Մենք ուրախ ենք ողջունել այդ անձանց և նրանց արժանի ընդունելություն կցուցաբերենք», - ասել է Մացունոն։