Միջազգային

«ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կմեկնի երկու երկրներ՝ աջակցելու դեէսկալացիային». Ժոզեպ Բորել

«Վերջին ժամերին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լուրջ մարտեր են տեղի ունեցել՝ կան զոհեր։ Հրամայական է, որ ռազմական գործողությունները դադարեցվեն, և վերադարձ լինի բանակցությունների սեղան։ Բոլոր ուժերը պետք է վերադառնան իրենց դիրքերը, որոնք գտնվում էին մինչ այս էսկալացիան, և հրադադարը պետք է լիովին հարգվի։

Նախագահ Միշելը շփվում է երկու երկրների ղեկավարների հետ, այսօր ես խոսել եմ արտգործնախարարների հետ։ ԵՄ-ն հավատարիմ է՝ շարունակելու գործել որպես ազնիվ միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև և օգնելու հասնել Հարավային Կովկասի ընդհանուր նպատակին, այն է՝ ապահով, բարգավաճ և խաղաղ կյանք՝ ի շահ բոլորի ժողովուրդների:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այժմ անմիջապես կմեկնի երկու երկրներ՝ աջակցելու անհրաժեշտ դեէսկալացիային և քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բրյուսելյան երկխոսության գործընթացում հաջորդ քայլերը»,- ասված է ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի տարածած հաղորդագրության մեջ։