Միջազգային

Լրանում է ուկրաինական պատերազմի 4-րդ ամիսը (ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ)

Արդեն 4 ամիս է՝ շուրջ 121 օր, ինչ ընթանում է ռուս-ուկրաինական պատերազմը։ Կողմերն ամենօրյա ռեժիմով հայտնում են իրենց և հակառակորդ կորուստների մասին։ Ի հաճուկս սկզբնական ակտիվության՝ այս պահին ռուս-ուկրաինական բանակցություններն, ըստ էության, դադարեցված են։ 

Ռազմական կորուստներ

Ուկրաինական կողմի տվյալները.

- ռուսական կորուստները՝ 35.430 մարդ (հունիսի 23-ի դրությամբ), 

- ուկրաինականը՝ 10.000+ (հունիսի 23-ի դրությամբ)

Ռուսական կողմի տվյալները.

- ռուսներ՝ 1351 զոհ, 3825 վիրավոր (մարտի 25-ի դրությամբ),

- 30000+ (հունիսի 21-ի դրությամբ)

Բրիտանական տվյալներ.

- ռուսական կողմի զոհեր՝ 15 հազար մարդ (հունիսի 20-ի դրությամբ),

- ուկրաինացիներ՝ 5,5-11 հազար մարդ (հունիսի 20-ի դրությամբ)։ 

Ֆինանսական օգնություն

Ուկրաինային տրված ֆինանսական, ռազմական ու հումանիտար օգնությունը, ըստ հրապարակված տվյալների, կազմում է մոտ 7,6 միլիարդ դոլար, որից 3,4 միլիարդը՝ ԵՄ անդամ երկրների կողմից, 1-ը՝ Լեհաստանից, մնացածը՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից և այլն։ Նշենք, որ միայն ԵՄ կողմից խոստացվել է հավելյալ 30 միլիարդ դոլար, նույնպիսի խոստում է հնչել նար ԱՄՆ-ից։ Իսկ Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությունը նշել է, որ ավերածություններից հետո երկիրը նախապատերազմական վիճակի վերադարձնելու համար անհրաժեշտ է նվազագույնը 1,1 տրիլիոն դոլար։ 

Տարածքային կորուստներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ ռուսական զորքերի կողմից ներկայումս օկուպացված  է Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ը՝ մոտ 50 հզ կմ² տարածք։ Ներկա դրությամբ, ռուսական զորքերին հաջողվել է գրավել Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների գրեթե բոլոր խոշոր քաղաքները՝ բացառությամբ Սևերնոդոնեցկի ու Լիսիչանսկի։

Բանակցություններ 

Վերջին անգամ մայիսի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինան դե ֆակտո դուրս է եկել բանակցային գործընթացից։ Ուկրաինական կողմն էլ, ի դեմս նախագահ Զելենսկու, հայտնել է, որ բանակցություններ կլինեն միայն փետրվարի 24-ի վիճակին վերադառնալուց հետո։