Միջազգային

Ուկրաինան և Ղարաբաղը՝ ռուս-ադրբեջանական մեդիա պատերազմի առանցքային թեմաներն են. BBC

BBC-ի ռուսական ծառայությունն իր «Между Россией и Азербайджаном разгорается медийная война из-за Украины и Карабаха» նյութում հայտնել է, որ «Ռուսաստանի և Ադրբեջանի միջև մեդիա պատերազմ է բռնկվում»՝ նկատի ունենալով Ռուսաստանի կողմից արգելափակվող ադրբեջանական ԶԼՄ-ների կայքերի մուտքը՝ «ուկրաինական պատերազմի ոչ հավաստի լուսաբանման համար» և ադրբեջանական իշխանությունների կողմից РИА Новости-ի կայքի արգելափակումն ու ռուսական Sputnik գործակալության աշխատակիցներին Ադրբեջանում կացության թույլտվություն չտրամադրելը։ 

BBC-ն գրել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները Ռուսաստանում սկսել են արգելափակվել ուկրաինական պատերազմի առաջին իսկ օրերից, որոշ դեպքերում առանց պատկան մարմիններից որևէ ծանուցման։ Բաքվում դա կապում են ուկրաինական պատերազմի լուսաբանման հետ։ Եթե Ռուսաստանում ինչ-որ մեկին դուր չի գալիս ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից ուկրաինական ներկայիս պատերազմի լուսաբանումը, ապա Ադրբեջանում շատերը դժգոհ են ռուսաստանյան ԶԼՄ-ների մոտեցումից՝ կապված Հայաստանի հետ Արցախյան հակամարտության լուսաբանման հետ։

BBC-ն նշել է, որ ապրիլին Ադրբեջանի խորհրդարանի երկու պատգամավորներ և Աշխարհի ադրբեջանցիների ասամբլեայի ղեկավար Ռաշադ Գուլիևը առաջարկել էին փակել ռուսական Sputnik լրատվական գործակալության ադրբեջանական մասնաճյուղը, քանի որ «Մարգարիտա Սիմոնյանն իր Telegram-ի ալիքում բազմիցս հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ»։ BBC-ն նաև հայտնել է, որ հունիսի սկզբին Ադրբեջանը արգելափակել է РИА Новости-ի կայք, որտեղ հրապարակվել էր հարցազրույց Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ։ Իրավիճակը փոխվեց Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունից հետո, երբ հունիսի 10-ին Արտակ Բեգլարյանի հարցազրույցը Риа Новости-ի գործակալությանը անհետացել էր լրատվականի կայքից։ Նույն օրը հայտնի է դարձել նաև այն, որ Sputnik-Ադրբեջանի գլխավոր խմբագիր Վերոնիկա Անտոնովա-Տրիզնոյին և նրա ամուսինը՝ Sputnik մամուլի կենտրոնի պրոդյուսեր Անտոն Պավլովին մերժել են երկարաձգել իրենց երկրում աշխատանքի թույլտվությունը։

BBC-ի հետ զրույցում մեդիափորձագետ և ադրբեջանական Turan լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևը տեղի ունեցողն անվանել է «թաքնված մենամարտ»։ Նրա խոսքով, Ռուսաստանը երկակի քաղաքականություն է վարում Ադրբեջանի նկատմամբ՝ «մի կողմից հայտարարելով Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղության հաստատման մասին, հանդես գալով խաղաղ համակեցության, Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին, իսկ մյուս կողմից ռուսական ԶԼՄ-ները օգտագործում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» արտահայտությունը»։ Նա նաև նշել է, որ Բաքուն հասկանում է, որ Ռուսաստանում մամուլն անկախ չէ, դա դիտարկում է որպես Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու փորձ, և Բաքուն ի պատասխան արգելափակում է ռուսական լրատվամիջոցները։