Շաբաթ, 25 Հունիսի 2022

USD403.18

EUR421.15

RUB6.97

Երևան 21 ℃

Рус

Գերմանիան ուկրաինական պատերազմի հիմնական պարտվողն է

Միջազգային

9 Ապրիլի, 19:16

Ուկրաինական պատերազմն արդեն իսկ հասցրել է իր հետ բերել հաղթողների ու պարտվողների մի մեծ շարասյուն։ Եթե Ռուսաստանը, անկախ պատերազմի արդյունքներից, միանշանակ պարտվողն է, քանի որ աննախադեպ պատժամիջոցների արդյունքում տեխնոլոգիապես ու տնտեսապես հետ է շպրտվել 1991թ. Խորհրդային միության փլուզման սկզբնական դիրքերին, ապա հաջորդ քաղաքական ձախողակը Գերմանիան է, որը պարտվում է ՆԱՏՕ-ի դաշինքի ու սեփական դաշնակիցների կողմից։

Լեհաստանն ու Թուրքիան առանցքային հաղթողներն ու շահողներն են այս կոնֆլիկտից, որոնք, օգտագործելով ՆԱՏՕ-Ռուսաստան, Ռուսաստան-Արևմուտք հակասությունը, կարողանում են ընդլայնել իրենց միջազգային հեղինակությունն ու լուրջ հայտ ներկայացնել Եվրոպայում ու աշխարհում գեոպոլիտիկ նոր խաղացող դառնալու համար։ Թուրքիան, օրինակ, կարողանում է ռուսական բիզնեսի ու պատժամիջոցների շրջանցման, Ուկրաինա-Ռուսաստան բանակցությունների մոդերացիայի հարցում տրանզիտ հանդիսանալ, ընդհուպ՝ այն աստիճան, որ չեն խորշում Էրդողանին ներկայացնել խաղաղության Նոբելյան մրցանակի։ Մեկ այլ օրինակ՝ Լեհաստանը կարողանում է Արևելյան Եվրոպայում դիրքավորվել որպես ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ամենաառանցքային դաշնակից՝ ներգրավելով բազմահազար դաշնակցային զորքեր, զինամթերք, նոր զինատեսակներ։ Ավելին, Գերմանիայից դուրս բերված ամերիկյան զորամիավորումները տեղակայվում են հենց Լեհաստանում, և վերջինս է հակառուսական պատժամիջոցների, պատերազմի շարունակման ու Ուկրաինային անվերապահ զինելու ջատագովը։

Դրան հակառակ՝ Գերմանիան, թե՛ կարճատև, թե՛ երկարատև հեռանկարում, կորցնում է այնքան փափագած Եվրոպայում կայունության ու խաղաղության դարաշրջանի՝ իր երազանքը և, այսպես, թե այնպես, ներքաշվում է մի կոնֆլիկտի մեջ, որից ինքը դուրս կգա ավելի թույլ ու կախյալ։ Եթե մինչև պատերազմի սկիզբը Եվրոպական միությունը՝ ի դեմս Գերմանիայի, խոշոր կախման մեջ էր ռուսական հանքահումքային էներգակիրներից՝ նավթ, գազ, նիկել, ռադիում, գունավոր մետաղներ, օգտակար հանածոներ, ապա հիմա երկարաձգվող պատերազմներն ու ԵՄ-ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ է՛լ ավելի վատթար են դարձնում գերմանական տնտեսության վիճակն ու դրա առանցքային ճյուղերը՝ ծանր ու թեթև արդյունաբերությունը։ Ռուսական էներգակիրների գների աննախադեպ աճի ու ծավալների կրճատման ֆոնին՝ գերմանական ամբողջ արդյունաբերությունը կորցնում է համաշխարհային շուկայում իր մրցունակությունը և տեղը զիջում ամերիկյան, բրիտանական ու հարավ-արևելյան Ասիայի երկրների՝ Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Սինգապուրի արտադրողներին։

Հենց դրանով է պայմանավորված Գերմանիայի ու, անձամբ, կանցլեր Օլոֆ Շոլցի՝ բավականին զուսպ ու կշռադատված մոտեցումները Ռուսաստանի ու ռուսական պատժամիջոցների նկատմամբ։ Դեռևս նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Շոլցը, դեռևս մինչ ուկրաինական պատերազմը, փորձել էր համոզել Ուկրաինայի նախագահ Զելենսկուն՝ գնալ զիջումների, վերսկսել Մինսկի բանակցությունները՝ հավելելով, որ պատերազմի դեպքում ՆԱՏՕ-ն կոնֆլիկտի կողմ չի դառնալու։

Արդեն պատերազմի ժամանակ դաշնակիցները, մասնավորապես՝ Լեհաստանը, ուղղակիորեն մեղադրում են Գերմանիային՝ հակառուսական պատժամիջոցների արդյունավետությանը խոչընդոտելու համար՝ էներգակիրների ոչ ամբողջական էմբարգոյի օրինակով։ Այն պարագայում, երբ Գերմանիայի տնտեսությունը իր սպառման գազի ու նիկելի շուրջ 40%-ն ստանում է ՌԴ-ից, իսկ այլընտրանքների ձևավորումը տարիներ ու միլիարդներ կպահանջի՝ հընթացս քանդելով գերմանական արդյունաբերությունը, շուկաներն ու սոցիալական համակարգը։ Լեհաստանը նաև փորձում էր Գերմիանիային ուղղակիորեն ներքաշել ուկրաինական կոնֆլիկտի մեջ, երբ առաջարկել էր իր զինանոցի «ՍՈՒ» և «ՄԻԳ» կործանիչները փոխանցել Ուկրաինային, սակայն՝ գերմանական ավիաբազաների միջոցով ու ԱՄՆ համաձայնությամբ։ Քանի որ դա կդիտվեր ՆԱՏՕ-ի ուղղակի մասնակցություն ուկրաինական կոնֆլիկտին, նույնիսկ Բայդենի ռազմատենչ վարչակազմը մերժեց Լեհաստանի առաջարկը։

Գերմանացիները, տարիներ շարունակ զարգացնելով կանաչ էներգիայի քաղաքականությունը, հրաժարվելով ատոմային ու ածխային էներգիայից, ամբողջական կախվածության մեջ են հայտնվել ռուսական էներգակիրներից՝ գազիզ, նավթից, ածխից, օգտակար ու թանկարժեք մետաղներից, որոնք գլխավորապես օգտագործվում են ծանր արդյունաբերության ու մեքենաշինության մեջ։ Ընդ որում, Գերմանիան տեսականորեն կարող է նիկել ներկրել Ինդոնեզիայից, որտեղ գտնվում է այդ մետաղի համաշխարհային պաշարների շուրջ 30%-ը, սակայն 2020թ. Ինդոնեզիան սահմանափակումներ է մտցրել այդ մետաղի հանույթի ու արտահանման վրա։ Ռուսաստանը նաև գերմանական արդյունաբերության համար պալադիումի կարևորագույն մատակարարն է, որն իր ներմուծման ավելի քան 25%-ը տրամադրում է Գերմանիային: Այս մետաղն օգտագործվում է ավտոմոբիլային արդյունաբերության, քիմիական արդյունաբերության և էլեկտրատեխնիկայի ոլորտներում։ Սրանք նույնպես Գերմանիայի տնտեսության առանցքային ոլորտներն են։ Գերմանիան մեծապես կախված է նաև Ռուսաստանից քրոմի մատակարարումից: Այս մետաղի գերմանական ներմուծման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը գերազանցում է 20%-ը:

Ուկրաինական պատերազմի պատճառով Գերմանիան ստիպված 100 մլրդ դոլարով ավելացրել է իր ռազմական բյուջեն՝ անօդաչու թռչող սարքերի արտադրությունը խթանելու համար։ Այդպիսի տնտեսական բեռին ավելացել են նաև միլիարդավոր դոլլարներն՝ ուղղված Ուկրաինայի օգնությանն ու ուկրաինացի փախստականների կացության ծախսերին։

Միակ դրական կողմը, սակայն, Գերմանիայի պատմական մեղքի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի միակ մեղավորի կարգավիճակի, աստիճանական մոռացությունն է։ Պատերազմի սկզբում Շոլցը, ելույթ ունենալով գերմանական պառլամենտում, հայտարարեց, որ Պուտինի սանձազերծած պատերազմը «շրջադարձային կետ է մայրցամաքի պատմության մեջ», և որ «Պուտինը ազատեց Գերմանիային՝ իր անցյալի մեղքից». «Ներխուժելով Ուկրաինա՝ Պուտինը ոչ միայն ցանկանում է ջնջել անկախ երկիրը աշխարհի քարտեզից, այլև ոչնչացնում է եվրոպական անվտանգության ողջ համակարգը, որը գրեթե կես դար գոյատևել է Հելսինկյան համաձայնագրից հետո»։

Փաստացի, եթե ԵՄ-ն ամենաառանցքային՝ էներգակիրների, հանքահումքային ու թանկարժեք մետաղների էմբարգո մտցնի Ռուսաստանի դեմ, նա դրանով կփլուզի ոչ միայն և ոչ այնքան Ռուսաստանի, որքան սեփական տնտեսությունը՝ ամբողջապես թե՛ ռազմական, թե՛ տնտեսական կախվածության մեջ հայտնվելով ԱՄՆ-ից՝ նրա էներգակիրներով ու ռազմական ներկրումներով հանդերձ։ Էլ չասած, որ տնտեսական անայլընտրանքայնությունը հանգեցնելու է էներգակիրների արժեքի թանկացման և տնտեսության մրցունակության անկման՝ հօգուտ ամերիկացիների ու բրիտանացիների, և ի վնաս գերմանացիների։ Այս ամենում չի կարելի թերագնահատել նաև քաղաքական կախվածության հարցը, ինչը ավելի կխորանա ու Եվրոպան կգցի ԱՄՆ-ի ուղղակի տիրապետության տակ։ Մի բան, որից եվրոպական տերությունները, հատկապես՝ Գերմանիան ու Ֆրանսիան, տասնամյակներով խուսափել են։ Ահա այսպիսի դիլեմա. Մերկելի՝ տասնամյակների փայփայած գերմանական չեզոքության ու զարգացման քաղաքականության փլուզում մի պատերազմում, որտեղ պարտվում է ավանդական ցամաքային Եվրոպան, իսկ հաղթում ծովապետությունը. գերմանական երրորդ դժոխք՝ 1945թ. հետո։