Միջազգային

Ռուս-ուկրաինական բանակցություններ. դժվար ճանապարհ դեպի խաղաղություն

Մոտ երեք շաբաթ տևած առցանց բանակցություններից հետո Ուկրաինայի և Ռուսաստանի միջև առերես բանակցությունները վերսկսվեցին մարտի 29-ին։ Դրանք տեղի ունեցան Ստամբուլում՝ դրանով իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գոնե այս պահին դարձնելով հիմնական միջազգային միջնորդ։ Զարմանալի չէ, որ Էրդողանը բանակցությունների ավարտին հայտարարեց առաջխաղացում գործընթացում՝ ստեղծված տրամադրությունը պահպանելու համար։

Ստամբուլում և՛ ուկրաինական, և՛ ռուսական պատվիրակությունները արձանագրեցին գրանցված առաջընթացը և հետագա խաղաղության համաձայնագրի հնարավորությունը։ Բայց դա առավելագույնն էր, որ արձանագրվեց։ Ռուսական պատվիրակությունը փորձեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեմ առ դեմ հանդիպման գաղափարը ներկայացնել որպես քաղաքական, իսկ Կիևի շուրջ ռազմական գործողությունների նվազեցման ծրագիրը՝ որպես ռազմական փոխզիջում: 

Առաջինն, ակնհայտորեն, ոչ թե զիջում է, այլ պարզապես փաստի արձանագրում, քանի որ նախագահներն են լինելու խաղաղության ծրագրին կից ցանկացած պայմանների վերջնական հաստատողները: Մյուս պայմանն, ըստ երևույթին, դատարկ հռետորաբանություն է, քանի որ ռազմական գործողությունների անհապաղ նվազում տեղի չունեցավ, և այն, ինչ հաջորդեց, ավելի շատ նման էր ուժերի վերախմբավորման: Սա ավելի շուտ անհրաժեշտություն է, քան փոխզիջում Ռուսաստանի ԶՈՒ կողմից։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի հապաղել մատնանշել Ռուսաստանի՝ բանակցելու անպատրաստակամությունը։ Ուկրաինայի պատվիրակությունը, ինչպես նաև՝ նախագահ Զելենսկին և արտգործնախարարը փորձել են ավելի լավատես լինել: Մինչ օրս բանակցությունների կարևոր տարրը եղել է «չեզոքության» կոնցեպտը։ Երկու կողմերն էլ սա տարբեր կերպ են մեկնաբանում։ Բացի այն, որ Ուկրաինան հրաժարվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու նկրտումներից, Ռուսաստանը դա կապում է դեմիլիտարիզացիայի ի(ապառազմականացման) պահանջի հետ: Սա ընդունելի չէ Ուկրաինայի համար։

Զելենսկին նաև պահանջում է անվտանգության ամուր երաշխիքներ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու դիմաց։ Ուկրաինան առաջարկում է ներառել մեծ թվով երաշխավորող պետություններ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ, գումարած՝ Կանադա, Գերմանիա, Իսրայել, Իտալիա, Լեհաստան և Թուրքիա, և հստակորեն սահմանել երաշխիքներ՝ Ուկրաինան ռուսական հետագա հնարավոր ագրեսիայից պաշտպանելու համար:

Ուկրաինական պատվիրակությունը հղում է արել ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին՝ որպես այդ երաշխիքների ամրության աստիճան։ Երաշխավոր երկրները պետք է աջակցեն Ուկրաինային, այդ թվում՝ ռազմական աջակցությամբ կամ, նույնիսկ, ոչ թռիչքային գոտի ստեղծելով։

Քանի որ ՆԱՏՕ-ն արդեն իսկ զգույշ է, որպեսզի չհատի սահմանը և չներքաշվի պատերազմի մեջ, Ուկրաինայի առաջարկը չի կարող ամբողջությամբ գործարկվել: Բայց դրա հիմնական նպատակն է ուշադրությունը կենտրոնացնել անվտանգության շոշափելի երաշխիքների վրա։ Ուկրաինական առաջարկի լրացուցիչ մանրամասներն այն առաջարկությունն է, որ երաշխավոր երկրները ոչ միայն չպետք է խոչընդոտեն, այլև պիտի ակտիվորեն աջակցեն Ուկրաինայի հետագա ինտեգրմանը ԵՄ-ին:

Այն փաստը, որ Պուտինը նաև ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունն է համարում վտանգ իր քաղաքական և տնտեսական համակարգի համար, նախկինում այդքան ակնհայտ չէր: Ուստի, ուշագրավ է, որ ռուսական կողմը մատնանշել է Ավստրիան և Շվեդիան՝ որպես Ուկրաինայի հնարավոր մոդելներ։

Թեև ուկրաինական արձագանքը բացասական էր, որն առաջ էր մղում ավելի ինստիտուցիոնալացված «ուկրաինական մոդելի» գաղափարը, հատկանշական է, որ Ավստրիան, Շվեդիան և Ֆինլանդիան ԵՄ-ին միացել են 1995 թվականին և աստիճանաբար ընդլայնել չեզոքության բնույթը: Շվեդիան, ի վերջո, հրաժարվեց ռազմական չեզոքության բացահայտ հիշատակումից, և բոլոր երեք երկրները համագործակցում են ՆԱՏՕ-ի հետ:

Այս ուղղությունները ծանոթ են Ռուսաստանին։ Այսպիսով, այս երկրներից որևէ մեկին հղում կատարելը՝ կամա, թե ակամա, արձանագրում է, որ ետպատերազմական Ուկրաինան կարող է գնալ նմանատիպ ճանապարհով: ԵՄ-ն, իսկապես, կարող է դեր խաղալ Ուկրաինայի անվտանգության ինստիտուցիոնալացման գործում, պայմանով, որ դաշինքը կարող է կոնսենսուսի հասնել հետագայում:

Պուտինի մյուս հիմնական պահանջները՝ Ղրիմը որպես ռուսական տարածք ճանաչելը և Դոնբասի հանրապետությունների պսեվդո-անկախությունը, փոխզիջումների համար շատ ավելի քիչ տեղ են թողնում: Ուկրաինացի բանակցողները առաջարկել են, որ թերակղզու կարգավիճակը երկկողմանի կարգավորելու համար կարող է տասնհինգ տարվա ժամկետ սահմանվել։ Պուտինի, ռուսական էլիտայի ու հասարակության համար այս հարցը փակված է, ուստի ավելի հավանական է՝ այն ընդհանրապես դուրս կմնա խաղաղության համաձայնագրից։

Ինչ վերաբերում է Դոնբասում Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներին, ուկրաինական կողմն առաջարկել է վերադառնալ կարգավիճակի շուրջ բանակցություններին։ Թղթի վրա կարելի է գտնել մի բանաձեւ, որը տարածքների վերջնական կարգավիճակը բաց է թողնում։ Ուկրաինայի հարավ-արևելյան հատվածները, որոնց վրա ռուսական զորքերը մասնակի կամ ամբողջական վերահսկողություն են ձեռք բերել, նույնպես պետք է ներառվեն բանակցություններում, երբ դրանք շարունակվեն:

Զելենսկին բախվում է լրացուցիչ խոչընդոտի. նա պարտավորվել է հանրաքվե անցկացնել և խորհրդարանում քվեարկել համաձայնագրի վերջնական տարբերակի շուրջ: Նախագահը, կարծես, նախապատրաստում է իր երկիրը չեզոք կարգավիճակի շուրջ համաձայնության գալուն, բայց տարածքային ամբողջականության խնդիրն այնքան սերտորեն է կապված ուկրաինական բանակի և, ընդհանրապես, բնակչության դիմադրության հետ, որ դժվար է պատկերացնել, որ Ղրիմը, նրա որոշ հատվածներ կամ Դոնբասը կարող են լինել համաժողովրդական քվեարկության դրված համաձայնագրի մեջ:

Ակնհայտ է, որ ռազմական չեզոքության հետ կապված անվտանգության երաշխիքները բանակցելու համար ժամանակ և քաղաքական կամք կպահանջեն։ Այս քաղաքական կամքը ներկայումս տեսանելի չէ ռուսական կողմում, բայց այն կարող է հայտնվել, եթե պատերազմը երկարաձգվի:

© Գվենդոլին Սաս

© Carnegie Europe