Ուկրաինա ներխուժման հարցում Վլադիմիր Պուտինի դատողությունների ապշեցուցիչ թռիչքը տեղիք է տվել կարծիքների, որ ՌԴ նախագահը, հնարավոր է, կորցրել է առողջ բանականությունը: Նախկին պաշտպանության քարտուղար և ԿՀՎ պետ Ռոբերտ Գեյթսը մեկնաբանել է, որ Պուտինը «գծերից դուրս է եկել»: Սենատոր Մարկո Ռուբիոն՝ Սենատի հետախուզական հանձնաժողովի բարձրաստիճան հանրապետականը, պատերազմն սկսելուց հետո գրառում է արել իր թվիթերյան էջում. «Այս պահին կարող եմ միայն ասել, որ ակնհայտ է, որ Պուտինի հետ ինչ-որ բան այն չէ: Նա միշտ էլ մարդասպան է եղել, բայց իր ներկայիս խնդիրը այլ է և էական: Սխալ կլինի համարել, որ ներկայիս Պուտինը կարձագանքի նույն կերպ, ինչպես դա կաներ հինգ տարի առաջ»:
Եթե այս գնահատականները ճիշտ են, ապա աշխարհը բախվել է չափազանց անհանգստացնող իրավիճակի. «խելապակաս արքան» տիրապետում է աշխարհի ամենամեծ միջուկային սպառազինությանը, ինչպես նա այդ մասին հիշեցրեց աշխարհին փետրվարի 27-ին՝ զսպման ուժերը «մարտական հերթապահության հատուկ ռեժիմի» բերելու հայտարարությամբ:
Սառը պատերազմի ժամանակ, բարեբախտաբար, իրենց ձեռքի տակ միջուկային սպառազինություն ունեցող ոչ բանական առաջնորդների խնդիրը երբեք սուր չի եղել: Բայց այժմ Պուտինի վարքագիծը կարող է դառնալ անմիջական մտահոգության առարկա:
Արդյո՞ք Պուտինը միայն սխալներ է գործում, թե՞ բանական չէ: Իր պնդումը, թե ուկրաինական կառավարությունը, որը ղեկավարվում է հրեա նախկին կատակերգուի կողմից, «ֆաշիստական» է և «նացիստական», անհեթեթ է: Իր ներխուժումը, թվում է, հիմնված էր այն մոլորեցնող ենթադրության վրա, որ ուկրաինացիները կողջունեն ռուսական զինվորներին՝ որպես ազատագրողների: Է՛լ ավելի անհասկանալի է, թե ինչպես չէր Պուտինը հաշվարկել, թե որքան արագ իր գործողությունները համաշխարհային կարծիքը կօտարեն իրենից:
Այնուամենայնիվ, այս ամենը չի նշանակում, որ Պուտինը այնչափ ոչ բանական է, որ հնարավոր չլինի նրան համոզել՝ փոխել ընթացքը: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պետք է հաշվի առնեն այն հավանականությունը, որ, անգամ բախվելով իրական, զսպող ռազմական կամ տնտեսական սպառնալիքների, Պուտինը կարող է կրկնապատկել խաղադրույքները և պոռթկալ:
Սխալ կլինի մտածել, թե ոչ ողջամիտ հակառակորդն անպայմանորեն տառապում է ախտորոշվող հոգեախտաբանությամբ: Բռնապետ ղեկավարները, ինչպիսիք Պուտինը կամ Հյուսիսային Կորեայի բռնապետ Կիմ Չեն Ինն են, ունեն սովորական մարդուց տարբեր շարժառիթներ ու հակված են նույնականացնել իրենց ղեկավարման շարունակականությունն՝ իրենց անձի գոյատևման հետ, ունենալով դրա բոլոր հիմքերը: Ամեն գնով կամ միջուկային պատերազմի սպառնալիքով իրենց իշխանությունը պահպանելը ողջամիտ չէ մնացած բոլորի համար, բայց բանական է՝ իրենց համար:
Հետևաբար, Պուտինի ապոկալիպտիկ հռետորաբանությունը անպայման չէ, որ խանգարված մտքի ախտանշան լինի: Օրինակ, Պուտինը, 2018թ. տված հարցազրույցում, հայտարարել է, որ «եթե որևէ մեկը որոշի ոչնչացնել Ռուսաստանը, մենք ունենք հակահարված տալու օրինական իրավունք: Դա կլինի աղետ մարդկության համար, բայց մենք կհամբարձվենք երկինք, որպես մարտիրոսներ, մինչդեռ նրանք կսատկեն՝ մինչև հասկանալը, թե ինչ հարվածեց իրենց»: Մեկ այլ առիթով՝ Ռուսաստանի նախագահը հարցրել էր. «Ի՞նչ օգուտ կա մեզ այն աշխարհից, որում չկա Ռուսաստանը»:
Անշուշտ, նախկինում բանիմաց ղեկավարը կարող էր տառապել նյարդային պոռթկումից կամ կաթվածից, որը փոխում է անձին, բայց այլ մեխանիզմներ ևս կարող են ստիպել ղեկավարներին՝ դառնալ անկանխատեսելի: Բռնապետերը, հատկապես՝ նրանք, ովքեր երկար ժամանակ են եղել իշխանության ղեկին, ինչպիսին Պուտինն է, հաճախ գոյատևում են տեղեկատվական փուչիկների մեջ, որտեղ ոչ ոք չի կամենում ասել նրանց «ոչ» կամ կասկածի տակ դնել նրանց համոզմունքները: Սխալ համոզմունքները կարող են բերել անորակ որոշումների:
Այնուամենայնիվ, եթե Պուտինը ողջամիտ մարդ չէ, ապա ծախսատար ռազմավարությունները, ինչպիսին, օրինակ, կործանարար տնտեսական պատժամիջոցներն են, հնարավոր է՝ չկարողանան մեղմել նրա վարքագիծը: Աստիճանաբար ավելի մեկուսացած և հանդունգն դառնալով՝ Պուտինը կարող է կրկին փորձել անսպասելիորեն սրել հակամարտությունը՝ ետ կանգնելու փոխարեն, վտանգելով անթիվ անմեղ մարդկանց: Այս նենգամիտ քայլի հավանականությունը հաշվի առնելով՝ արևմտյան առաջնորդները պետք է պատրաստվեն վատթարագույնին՝ լավագույնին հավատալով հանդերձ:
(c) Էդվարդ Գայց
08.03.2022.