Միջազգային

«Մոսկվան ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը». Լավրով

«Թուրքիան շարունակում է ջանքերը՝ նվազեցնելու լարվածությունը սևծովյան տարածաշրջանում և ապահովելու Ուկրաինայում հրադադարը». այս մասին չորեքշաբթի օրը Անկարայում, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն։

«Ցավոք, արյունահեղությունը Ուկրաինայում շարունակվում է։ Պատերազմներում հաղթողներ չկան, ինչպես խաղաղ համաձայնագրերում չկան պարտվողներ։ Պատերազմը պետք է դադարեցվի, մարդիկ չպետք է մահանան», - ասել է Չավուշօղլուն։ Նա ընդգծել է, որ Անկարան պատրաստ է իրագործելի ներդրում ունենալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում և հարթակ տրամադրել՝ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման համար։ «Հուսով եմ՝ առաջնորդները կհանդիպեն և համաձայնության կգան», - ասել է նախարարը։

Չավուշօղլուն չի բացառել նաև Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցի կազմակերպումը։ Անդրադառնալով մարտական ​​գործողությունների գոտուց խաղաղ բնակիչների տարհանման հարցին՝ Չավուշօղլուն նշել է, որ, քանի դեռ ռազմական գործողությունները շարունակվում են, խաղաղ բնակչության տարհանումը խնդրահարույց է։

Լավրովն, իր հերթին, ընդգծել է, որ Անկարան կառուցողական մոտեցում է ցուցաբերում Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Լավրովը հիշեցրել է, որ Թուրքիան չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ «Թուրքիան վարում է պրագմատիկ և հավասարակշռված քաղաքականություն»,- հայտարարել է նա։

Սերգեյ Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման ճանապարհին խոչընդոտներ չի տեսնում։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ Ռուսաստանը ուկրաինական կողմի հետ կբանակցի միայն այն հանդիպումներով, որոնք կոնկրետ արդյունքների կհանգեցնեն։ «Մոսկվան պատրաստ է շարունակել Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարների շփումը եռակողմ ձևաչափով», - հավելել է նախարարը։

Նա նաև նշել է, որ Մոսկվան ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը։ Թուրքիան պատրաստվում է Հայաստանի հետ շարունակել երկխոսությունը, որին կողմն են Ռուսաստանը և Ադրբեջանը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։ 

«Հայաստանի հետ կա երկխոսություն։ Դրան կողմ են և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը։ Անթալիայում լավ հարաբերություններ հաստատվեցին հայկական կողմի հետ։ Մինչև այդ Մոսկվայում հանդիպել էին մեր հատուկ ներկայացուցիչները», - ասել է նա։