Պատերազմը Ուկրաինայում ամենավտանգավոր միջազգային հակամարտությունն է՝ 1962 թվականի կուբայական հրթիռային ճգնաժամից հետո: Դրա արմատական պատճառները հասկանալը էական է, եթե ցանկանում ենք կանխել դրա վատթարացումը և լուծում գտնել՝ այն հանգուցալուծելու համար:
Անկասկած է, որ Վլադիմիր Պուտինը սկսել է այս պատերազմը և պատասխանատու է նրա համար, թե ինչպես է այն վարում: Բայց թե ինչու նա գնաց այդ քայլին, այլ հարց է: Արևմուտքում տարածված կարծիքն այն է, որ նա ոչ բանական, անհասանելի ագրեսոր է՝ տարված Սովետական միության կաղապարով, ավելի հզոր Ռուսաստան ստեղծելու գաղափարով: Հետևաբար, նա միայնակ է կրում ամբողջ պատասխանատվությունը ուկրաինական ճգնաժամի համար:
Սակայն սա սխալ է: Արևմուտքը և, հատկապես, Ամերիկան, սկզբունքորեն պատասխանատու են այն ճգնաժամի համար, որը սկիզբ առավ 2014 թվականի փետրվարին: Այն այժմ վերածվել է պատերազմի, որը ոչ միայն սպառնում է կործանել Ուկրաինան, այլև՝ հավանականություն ունի վերաճել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև միջուկային պատերազմի:
Ուկրաինայի շուրջ խնդիրները, փաստացի, սկսեցին ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովից հետո՝ 2008թ. ապրիլին, երբ Ջորջ Բուշի վարչակազմը հասավ նրան, որ դաշինքը հայտարարի, որ Ուկրաինան և Վրաստանը կդառնան անդամներ: ՌԴ ղեկավարներն անմիջապես վրդովմունքով արձագանքեցին՝ բնորոշելով այս որոշումը որպես գոյաբանական սպառնալիք Ռուսաստանի համար և երդվելով, որ խափանելու են այն: Ըստ հարգանք վայելող ռուս լրագրողի՝ Պուտինը «գլուխը կորցրեց կատաղությունից» և նախազգուշացրեց, որ «եթե Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին, ապա դա կանի առանց Ղրիմի և արևելյան շրջանների»: Սակայն Ամերիկան արհամարհեց Մոսկվայի քաշած կարմիր գիծը և առաջ շարժվեց՝ դարձնելու Ուկրաինան արևմտյան պատվար Ռուսաստանի սահմանին: Այս ռազմավարությունը ներառեց երկու տարր՝ Ուկրաինային ավելի մոտեցնել Եվրամիությանը և դարձնել այն ամերիկամետ ժողովրդավարության երկիր:
Այս ջանքերը, ի վերջո, թշնամանք առաջացրին 2014 թվականի փետրվարյան ապստամբությունից հետո (որը ստացել էր Ամերիկայի աջակցությունը)՝ պատճառ դառնալով ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի փախուստի համար: Ի պատասխան՝ Ռուսաստանը խլեց Ղրիմը Ուկրաինայից և նպաստեց քաղաքացիական պատերազմի հրահրմանը, որն էլ բռնկվեց արևելյան Ուկրաինայի Դոնբասի շրջանում:
Հաջորդ մեծ հակամարտությունը ծագեց 2021 թվականի դեկտեմբերին և բերեց ներկայիս պատերազմին: Հիմնական պատճառն այն էր, որ Ուկրաինան դե ֆակտո դառնում էր ՆԱՏՕ-ի անդամ: Գործընթացը սկսվել էր 2017 թվականի դեկտեմբերին, երբ Թրամփի վարչակազմը որոշեց Կիևին վաճառել «պաշտպանական տեսակի զինատեսակներ»: Բայց թե ինչն է համարվում «պաշտպանական», հազիվ թե հստակեցված է, և այս զինատեսակները միանշանակ հարձակողական թվացին Մոսկվային և իր դաշնակիցներին: ՆԱՏՕ-ի այլ երկրներ մտան խաղի մեջ՝ մատակարարելով սպառազինություն Ուկրաինային, վերապատրաստելով զինված ուժերը և թույլ տալով, որ այն մասնակցի միացյալ օդային և նավատորմային վարժանքներին: 2021թ. հուլիսին Ուկրաինան և Ամերիկան համահյուրընկալվեցին մեծածավալ նավատորմային սևծովյա վարժանքում, որը ներառում էր նավատորմեր 32 երկրներից: «Ծովի զեփյուռ» օպերացիան հրահրեց Ռուսաստանին՝ կրակ բացել բրիտանական նավատորմային կործանիչի վրա, որը մտել էր, ինչպես Ռուսաստանն էր համարում, իր տարածքային ջրերը:
Ուկրաինայի և Ամերկիկայի միջև կապերը շարունակեցին զարգանալ Բայդենի վարչակազմի ժամանակ: Այս պատրաստակամությունը արտացոլված է մի կարևոր փաստաթղթում՝ «ԱՄՆ-Ուկրաինա ռազմավարական գործընկերության կանոնադրություն», որը ստորագրվեց նոյեմբերին՝ Ամերիկայի պետքարտուղար Բլինկենի և Ուկրաինայի իր պաշտոնակից Կուլեբայի կողմից: Դրա նպատակն էր ընդգծել Ուկրաինայի պատրաստակամությունը՝ խորը և համապարփակ բարեփոխումների իրականացման համար, որոնք անհրաժեշտ են եվրոպական և Եվրո-Ատլանտյան ինստիտուտներին ամբողջական ինտեգրման համար: Փաստաթուղթը բացահայտորեն հիմնվում է «պարտավորությունների վրա, որոնք ստանձնվել են՝ ուժեղացնելու համար Ուկրաինա-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը՝ նախագահ Զելենսկու և Բայդենի կողմից», և այն նաև շեշտում է, որ երկու երկրները կառաջնորդվեն «2008-ի Բուխարեստի գագաթնաժողովի հռչակագրով»:
Ոչ զարմանալիորեն՝ Մոսկվան համարեց այս զարգացումները անհանդուրժելի և անցած գարնանը Ուկրաինայի հետ սահմանին սկսեց մոբիլիզացնել իր բանակը՝ ազդանշան տալով Վաշինգտոնին իր վճռականության մասին: Բայց այն արդյունք չունեցավ, քանի որ Բայդենի վարչակազմը շարունակեց ավելի մերձենալ Ուկրաինայի հետ: Սա դեկտեմբերին բերեց մեծամասշտաբ դիվանագիտական հակամարտությանը: Ինչպես ձևակերպեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «մենք հասել ենք մեր եռման կետին»: Ռուսաստանը պահանջեց գրավոր երաշխիք, որ Ուկրաինան երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի մաս, և դաշինքը դուրս կբերի ռազմական միավորները, որոնք տեղակայել է Արևելյան Եվրոպայում՝ սկսած 1997-ից: Հետագա բանակցությունները ձախողվեցին։ Ինչպես պարզ դարձրեց պարոն Բլինկենը, «փոփոխություն չկա ու չի լինելու»: Մեկ ամիս անց Պուտինը սկսեց ներխուժումը Ուկրաինա՝ վերացնելու համար այն սպառնալիքը, որ նա տեսնում էր՝ ի դեմս ՆԱՏՕ-ի:
Իրադարձությունների այս մեկնաբանությունը հակասում է Արևմուտքում գերակշռող այն մանթրային, որը ՆԱՏՕ-ի ընդլայնումը ներկայացնում է որպես անկարևոր հանգամանք ուկրաինական ճգնաժամի համար՝ մեղքը բարդելով Պուտինի էքսպանսիոնիստական նկրտումների վրա: Համաձայն վերջերս ռուսական ղեկավարությանը ուղարկված փաստաթղթի՝ «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է և սպառնալիք չի հանդիսանում Ռուսաստանի համար»: Առկա փաստերը, սակայն, հակասում են այս պնդումներին: Նախևառաջ, խնդրո առարկան այն չէ, թե ինչ են արևմտյան առաջնորդներն ասում ՆԱՏՕ-ի նպատակի կամ մտադրությունների մասին, այլ այն, թե ինչպես է Մոսկվան դիտարկում ՆԱՏՕ-ի գործողությունները:
Պուտինը հաստատապես գիտի, որ Արևելյան Եվրոպայում մեծ ծավալների տարածք նվաճելու վճարվելիք գինը չափազանց մեծ է լինելու Ռուսաստանի համար: Ինչպես նա մի առիթով ասել է՝ «Ով չի կարոտում ՍՍՀՄ-ը, սիրտ չունի: Ով ուզում է դրա վերադարձը, խելք չունի»: Իր համոզմունքները՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ամուր կապերի վերաբերյալ, չնայած ողջ Ուկրաինան ետ բերել փորձելուն, նման կլինեն փշախոզ կուլ տալու փորձերին: Ավելին՝ ռուսական քաղաքականության մշակողները, այդ թվում՝ պարոն Պուտինը, գրեթե ոչինչ չեն ասել նոր տարածք նվաճելու մասին՝ Սովետական Միություն վերստեղծելու կամ ավելի հզոր Ռուսաստան կառուցելու նպատակով: Ավելի շուտ՝ 2008թ. Բուխարեստի գագաթնաժողովից հետո, ռուսական ղեկավարությունը բազմիցս ասել է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալը իրենք դիտարկում են որպես գոյաբանական սպառնալիք, որ պետք է կանխվի: Ինչպես Լավրովը նշեց հունվարին՝ «առանցքային է այս ամենում այն երաշխիքը, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք»:
Մինչև 2014 թվականը Արևմտյան ղեկավարները հազվադեպ են Ռուսաստանին ներկայացրել որպես սպառնալիք Եվրոպայի համար: Ինչպես նշում է Մոսկվայում Ամերիկայի նախկին դեսպան Մայքլ Մակֆոլը, Պուտինի կողմից Ղրիմի գրավումը երկար չի պլանավորվել, այն իմպուլսիվ քայլ էր՝ ի պատասխան հեղաշրջման, որը գահընկեց արեց Ուկրաինայի ռուսամետ ղեկավարին: Իրականում, մինչ այդ, ՆԱՏՕ-ի ընդլայնումը նպատակ ուներ՝ Եվրոպան վերածել խաղաղության հսկայական գոտու, որը չէր ներառում վտանգավոր Ռուսաստանը: Ճգնաժամի սկսելուն պես՝ Ամերիկան և եվրոպական քաղաքականության կերտողները չկարողացան ընդունել, որ իրենք էին հրահրել այն՝ փորձելով ինտեգրել Ուկրաինան Արևմուտքի մեջ: Նրանք հայտարարեցին, որ խնդրի իրական աղբյուրը Ռուսաստանի ռևանշիզմն է և նվաճելու կամ գերիշխելու նրա ցանկությունը:
Հակամարտության պատճառների իմ պատմությունը չպետք է հակասական լինի, եթե հաշվի առնենք, որ ամերիկյան արտաքին քաղաքականության շատ նշանավոր փորձագետներ նախազգուշացրել են ՆԱՏՕ-ի ընդլայնման վտանգների մասին՝ սկսած 1990-ականների վերջից: Բուխարեստի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսն ընդունեց, որ «փորձերը՝ Վրաստանին և Ուկրաինային ՆԱՏՕ բերելու, արդեն չափազանց էին»: Անշուշտ, այդ գագաթնաժողովի ժամանակ և՛ Գերմանիայի կանցլեր Մերկելը, և՛ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին առարկում էին ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն առաջ բերելուն՝ վախենալով, որ կկատաղեցնեն Ռուսաստանին:
Իմ միտքն այն է, որ մենք չափազանց վտանգավոր իրավիճակում ենք, և արևմտյան քաղաքականությունն ավելի է մեծացնում ռիսկերը: Ռուսական ղեկավարության համար այն, ինչ պատահեց Ուկրաինայում, քիչ ընդհանրություն ունի իրենց կայսերապաշտական հավակնությունների խափանման հետ։ Դա այն բանի մասին է, որ նրանք գործ ունեն Ռուսաստանի ապագայի համար սպառնալիք հանդիսացող երևույթի հետ: Պուտինը, հնարավոր է, սխալ է գնահատել ռուսական ռազմական կարողությունները, ուկրաինական դիմադրության արդյունավետությունը և արևմտյան արձագանքի մասշտաբն ու արագությունը, բայց ոչ ոք չպետք է թերագնահատի այն, թե որքան դաժան կարող են լինել հզոր ուժերը, երբ հուսահատ վիճակում են: Ամերիկան և իր դաշնակիցները, սակայն, կրկնապատկում են խաղադրույքները՝ հույս տածելով, որ նվաստացնող պարտության կհասցնեն Պուտինին և գուցե նույնիսկ կհրահրեն նրա հեռացումը: Նրանք մեծացնում են Ուկրաինային տրամադրվող օգնությունը՝ միաժամանակ օգտագործելով տնտեսական պատժամիջոցներ՝ Ռուսաստանին ուժեղ պատիժ հասցնելու համար. մի քայլ, որը Պուտինի կողմից դիտարկվում է «պատերազմ հայտարարելուն հավասարազոր» մի բան:
Ամերիկան և իր դաշնակիցները, հնարավոր է, ունակ լինեն կանխել Ռուսաստանի հաղթանակը Ուկրաինայում, բայց երկիրը ծանր զրկանքներ կկրի կամ կմասնատվի: Ավելին՝ կա Ուկրաինայից էլ այն կողմ գնացող էսկալացիայի լուրջ սպառնալիք՝ դեռ չխոսած միջուկային պատերազմի վտանգի մասին: Եթե Արևմուտքը ոչ միայն կանգնեցնի Մոսկվային՝ մարտի դաշտում, այլև լուրջ, երկարաժամկետ վնաս հասցնի Ռուսաստանի տնտեսությանը, դա հզոր Ռուսիային կկանգնեցնի կործանման եզրին: Պուտինը, հնարավոր է, այդ ժամանակ անցնի միջուկային գործողություններին:
Այս պահին անհնար է իմանալ այն պայմանները, որոնց հիման վրա այս հակամարտությունը կկարգավորվի: Բայց եթե մենք չհասկանանք դրա խորքային պատճառը, ունակ չենք լինի ավարտել այն՝ մինչև Ուկրաինայի կործանվելը, և ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշվելը:
Ջոն Ջ. Միրշեյմերը միջազգային հարաբերությունների՝ համաշխարհային մակարդակի մասնագետներից է, ներկայուսմ՝ Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության բաժնի պրոֆեսոր։
11.03.2022.