Միջազգային

Թուրքիան այլևս չի ծրագրում ԱՄՆ-ից Patriot ՀՕՊ համակարգեր գնել

Պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը հավելել է, որ Անկարայի կողմից Մոսկվայից С-400 ՀՕՊ համակարգերի գնման պայմանագրի իրականացումը շարունակվում է առանց որևէ խնդրի։

Թուրքիան դադարեցրել է ԱՄՆ-ից Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու հնարավորության դիտարկումը։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրինության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։

«Ներկայումս Patriot ՀՕՊ համակարգերի հարցում չկա․ պաշտպանական արդյունաբերության տեսանկյունից՝ մենք փակել ենք այդ էջը», - մեջբերել է նրա խոսքերը «Sabah» թերթը։ Մինչդեռ, Մոսկվայից С-400 ՀՕՊ համակարգերի գնման պայմանագրի իրականացումը «շարունակվում է առանց խնդիրների»։

Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայի կողմից Անկարային S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագիրն ստորագրել են 2017թ.։ Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որը Ռուսաստանից ձեռք բերեց այդ համակարգերը։ Անկարայի որոշումը առաջացրեց ԱՄՆ-ի և ամբողջ դաշինքի կտրուկ բացասական արձագանքը։ ԱՄՆ-ն չի դադարում Թուրքիային ստիպել՝ հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերից։ Քանի որ Թուրքիան չի տրվում ճնշումներին և չի ազատվում С-400-ից, Վաշինգտոնը Անկարային հանել էր հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչի արտադրության ամերիկյան ծրագրից։ Բացի այդ, Միացյալ Նահանգները երկար ժամանակ սպառնում էր Թուրքիային՝ Ս-400-ի գնման համար մի շարք միակողմանի պատժամիջոցների կիրառմամբ, սակայն չէր շտապում գնալ այդ քայլին, քանի որ վախենում էր հարաբերությունների հետագա սրումից։ Անկարան էլ զգուշացրել է, որ անպատասխան չի թողնի նման սահմանափակումների կիրառումը։ 2020թ․ դեկտեմբերին Վաշինգտոնը նման պատժամիջոցներ սահմանեց։