Ադրբեջանի իշխանությունները դեռևս որևէ հստակ դիրքորոշում չեն հայտնել ռուսական ներխուժման վերաբերյալ։ Նախագահ Ալիևի օգնական Հաջիևը փետրվարի 25-ին ասել է, որ «շատ կարևոր է՝ հարցը լուծել դիվանագիտական երկխոսության ճանապարհով»։ Բաքվի կողմից կոնկրետ ոչինչ չի հայտարարվել, և դա, կարծես թե, բացատրվում է Ադրբեջանի դիրքորոշման երկակիությամբ։ Ղարաբաղի հարցում Ադրբեջանի վերաբերմունքը համահունչ է Ղրիմի և Դոնբասի վերաբերյալ Կիևի դիրքորոշմանը։ Տարեսկզբին նախագահ Ալիևն՝ իր ուկրաինացի գործընկեր Զելենսկու հետ հանդիպմանը, կրկնել էր, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Մյուս կողմից՝ Ռուսաստանը Ադրբեջանի կարևոր գործընկերներից է։ Նույն Ղարաբաղում տեղակայված են ռուս խաղաղապահներ։ Ըստ ամենայնի՝ հենց դա է պատճառը, որ Ադրբեջանը պարզապես չմասնակցեց Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ուժի կիրառումը դադարեցնել պահանջող ՄԱԿ-ի բանաձևի քվեարկությանը։
Կապտա-դեղին տրամադրություն
Փետրվարի 27-ին Բաքվում Ուկրաինայի դեսպանատան շենքի դիմաց տեղի է ունեցել բավականին մարդաշատ հանրահավաք՝ ի պաշտպանություն Ուկրաինայի, որի ժամանակ, «Փա՛ռք Ուկրաինային» կարգախոսի հետ մեկտեղ, «Պուտին, հեռացի՛ր», «Թող Ռուսաստանը դուրս գա ուկրաինական հողերից և դուրս բերի նաև իր զորքերը Ղարաբաղից» կարգախոսներ էին լսվում։
Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ Ադրբեջանում որևէ թեմայով չարտոնված ակցիա իրականացնելն ուղղակի անհնար է՝ ոստիկանությունն անմիջապես կցրի այն։ Եվ եթե այս ակցիան եղել է, ուրեմն իշխանությունները կանաչ լույս են վառել դրա համար։ Բացի այդ՝ երկրում կազմակերպվել է բնակչությունից մարդասիրական օգնության հավաքագրում, իսկ կառավարությունը դեղորայք ու վառելիք է ուղարկել Ուկրաինա։
Կարեկցանք vs զգուշության
Ըստ քաղաքագետ Իլգար Վելիզադեի՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Ադրբեջանի իշխանությունները հայտնվեցին երկու կրակի արանքում. «Ադրբեջանն ինքը, թեև շատ ավելի փոքր մասշտաբով, վերապրեց հումանիտար այն աղետը, որը հիմա տեղի է ունենում Ուկրաինայում՝ տարածքային հակամարտություն, պատերազմ, փախստականներ։ Այս ամենը մեզ հայտնի է, ուստի և՛ իշխանությունները, և՛ մեր հասարակությունը չեն կարող չկարեկցել Ուկրաինային»։
Միաժամանակ, Բաքուն խուսափում է ցանկացած առճակատումից՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ մյուս խոշոր հարևանների հետ։ Արդյունքում, միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում օգնելով Ուկրաինային, Ադրբեջանը ձեռնպահ է մնում Ռուսաստանի դեմ կտրուկ շարժումներից՝ իրեն հարվածի տակ չդնելու համար։
Քաղակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Գիյաս Իբրահիմովը վստահ է, որ իշխանությունները պարզապես չեն ցանկանում կորցնել իրենց հովանավորին՝ ի դեմս Պուտինի։ «Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում հրաժարվել այս երաշխավորից, քանի դեռ նորը չեն գտել։ Մյուս կողմից՝ նաև վստահ չեն, որ Պուտինի ռեժիմը դատապարտված է»։
Ավելի շատ վնա՞ս, թե՞ օգուտ
Թվում է, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և էներգակիրների գների աճի ֆոնին Ադրբեջանը հնարավորություն ունի համալրել գանձարանը՝ գազի արտահանման ծավալները ավելացնելով։ Սակայն տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեն կարծում է, որ «տեխնիկական պատճառներով՝ Ադրբեջանը դեռ չի կարողանա Եվրոպային մատակարարել ավելի շատ գազ, քան հիմա: Եվ սա բավականին համեստ քանակ է, մենք չենք ունենա այլ իրավիճակ և չենք կարողանա փոխարինել Ռուսաստանին այս հարցում»։
Նրա խոսքով, գազի գնի թանկացումը կավելացնի բյուջեն, բայց ոչ շատ ու ոչ երկարատև։ Ավելին, բավականաչափ խնդիրներ կլինեն նաև Ռուսաստանում վատթարացող տնտեսական իրավիճակից։ Ռուսաստանը Ադրբեջանի հիմնական շուկան է, մասնավորապես՝ գյուղատնտեսական ապրանքների։ Ռուսաստանցիների վճարունակության նվազումը կհարվածի ադրբեջանական բիզնեսին։
Բացի այդ, ըստ պաշտոնական տվյալների, Ռուսաստանում կա 600 հազար միգրանտ Ադրբեջանից, իսկ ընդհանուր առմամբ՝ այնտեղ ապրում է ավելի քան երկու միլիոն ադրբեջանցի։ Բոլոր տրանսֆերտների գրեթե կեսը երկիր է մտնում Ռուսաստանից։ Ուկրաինայից՝ մոտ 4%։ Ելնելով դրանից՝ Մեհրալիզադեն կանխատեսում է, որ Ռուսաստանում տնտեսական ճգնաժամն անխուսափելիորեն կանդրադառնա տասնյակ հազարավոր ընտանիքների վիճակի վրա, որոնք ապրում են նման տրանսֆերտների հաշվին։ Իսկ եթե աշխատանքային միգրանտները վերադառնան հայրենիք՝ գործազուրկների թիվը կաճի։
Կրեմլի դաշնակի՞ց
Այսօր Ռուսաստանից Ադրբեջան հնարավոր է հասնել միայն շրջանաձև ճանապարհով․ ուղիղ չվերթները դադարեցվել են։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը բացատրում է իր որոշումը «միջազգային թռիչքներից բխող ռիսկերով», իսկ ադրբեջանական AZAL և Buta Airways ավիաընկերությունները դա վերագրում են պատժամիջոցների պատճառով լիարժեք ապահովագրության բացակայությանը։ Ցամաքային սահմանը դեռ փակ է կարանտինի պատճառով. այս ամենը թույլ չի տալիս նրանց, ովքեր պատրաստ են դա անել, մեկնել Բաքու կամ օգտագործել այն որպես տարանցիկ կետ։
Վերլուծաբանները նշում են, որ փետրվարի 22-ին՝ Ռուսաստանի ներխուժումից երկու օր առաջ, Ադրբեջանն ու Ռուսաստանը հռչակագիր են ստորագրել դաշնակցային համագործակցության մասին, որը ենթադրում է, անհրաժեշտության դեպքում, միմյանց ռազմական օգնություն տրամադրել։ Ըստ պաշտոնական վարկածի՝ փաստաթղթի ստորագրման ամսաթիվն ընտրվել է վաղուց։ Հիմա այդ համաձայնագիրը, փաստորեն, Բաքվին դարձնում է Մոսկվայի պոտենցիալ դաշնակիցը։
Քաղաքական դիտորդ Շահին Ռզաևը, սակայն, կարծում է, որ այդ հռչակագրին չի կարելի առանձնահատուկ նշանակություն տալ. «Դա ուղղակի ձևականություն է։ Եթե Ռուսաստանը ինչ-որ բան է պահանջում Ադրբեջանից, նա դա կանի՝ առանց որևէ պայմանավորվածության։ Այս փաստաթուղթը էապես չի վատթարացնում մեր երկրի վիճակը»։