Միջազգային

Ավստրալիայում ատոմային սուզանավերի բազա կկառուցվի

Ավստրալիան մայրցամաքի արևելյան ափին սեփական և դաշնակից միջուկային սուզանավերի համար նոր բազա կկառուցի։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է վարչապետ Սքոթ Մորիսոնը՝ ելույթ ունենալով Սիդնեյի «Lowy Institute» վերլուծական կենտրոնում։ Մորիսոնը նշել է, որ խիտ բնակեցված արևելյան ափին նոր ռազմաբազայի կառուցումը «կապահովի անհրաժեշտ ենթակառուցվածքներ, սպասարկում, և, բացի այդ, կստեղծվեն բոլոր պայմանները՝ աշխատողների և օժանդակ անձնակազմի համար»:

Ավելի վաղ Ավստրալիայի Պաշտպանության նախարար Դաթոնը հայտարարել էր, որ ութ միջուկային սուզանավերից առաջինը, որի կառուցման մասին հայտարարվել է AUKUS եռակողմ ռազմական գործընկերության ստեղծումից հետո (Ավստրալիայի, ՄԹ-ի և ԱՄՆ-ի ռազմական դաշինք, որը ստեղծվել է 2021-ի սեպտեմբերին), կարող է ընդունվել ռազմածովային նավատորմի կողմից ավելի շուտ, քան 2040թ․, ինչպես նախկինում նախատեսված էր: