Միջազգային

Ուկրաինական պատերազմն ու Չինաստանի հնարավոր հարձակումը Թայվան

Արևմուտքում մտավախություն ունեն, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կհրահրեն Չինաստանին գրավել Թայվանը։ 

Ուկրաինայում Ռուսաստանի կողմից «հատուկ ռազմական գործողության» անցկացման կապակցությամբ արևմտյան լրատվամիջոցները մտավախություն ունեն Չինաստանի կողմից Թայվանի հարցի ուժային լուծման սպառնալիքի վերաբերյալ։ Թայվանն արդեն բարձրացրել է իր ուժերի մարտական ​​պատրաստվածության մակարդակը այն բանից հետո, երբ կղզում չինական կործանիչների կողմից օդային տարածքի խախտում է գրանցվել։ Միաժամանակ, լրատվամիջոցները չեն բացառում, որ Պեկինը դիտարկում է իրավիճակը Ռուսաստանի շուրջ՝ Թայվանում գործողության հնարավոր ռիսկերը պարզելու համար։ Սա 2022թ. սկզբից ի վեր առաջին միջադեպը չէ, սակայն հենց այս դիպվածից հետո է Թայվանը որոշել բարձրացնել իր ուժերի մարտունակության մակարդակը։ Fox News-ի փոխանցմամբ՝ թայվանական ինքնաթիռները պարբերաբար արձագանքում են նման միջադեպերին՝ վերահսկելով Չինաստանի ավիացիայի գործողությունները։ Պենտագոնն արդեն հայտարարել է, որ Պեկինի նման քայլերը ապակայունացնում են իրավիճակը և խաթարում խաղաղությունը տարածաշրջանում։ Սակայն Չինաստանը չի կիսում Վաշինգտոնի մտավախությունները՝ կոչ անելով ամերիկյան կողմին դադարեցնել միջամտությունը պետության ներքին գործերին։ Ավելին, Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինն ընդգծել է, որ Թայվանի հարցը չպետք է կապել Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի հետ։

Արդյո՞ք Չինաստանը կգրավի Թայվանը


Թայվանի կարգավիճակի հարցը Պեկինի համար ամենացավոտներից է։ Չնայած այն հանգամանքին, որ աշխարհի պետությունների մեծ մասը հավատարիմ է «Մեկ Չինաստան» քաղաքականությանը, 1949թ. պատերազմի ավարտից հետո Թայվանը  դե ֆակտո անկախ պետություն է: Պաշտոնական Պեկինը, մյուս կողմից, Թայվանը համարում է Չինաստանի ժողովրդական հանրապետության անբաժանելի մաս։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում պնդում էր, որ Չինաստանի իշխանությունները կարող են Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը դիտարկել որպես գործողությունների ազդանշան։ Քաղաքական գործիչն իր կանխատեսումն արել է դեռևս ռուսական օպերացիայի մեկնարկից առաջ՝ փետրվարի 21-ին, Մոսկվայի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) անկախության ճանաչումից հետո։ Փորձագետները կարծում են՝ ներկա պայմաններում Չինաստանի կողմից խնդիրը լուծելու համար ուժի կիրառման փորձը քիչ հավանական է։

«Առայժմ ԱՄՆ-Չինաստան զույգում չի կարելի ասել, որ Չինաստանն ամենաուժեղն է։ Տնտեսական ու ռազմական ներուժի համադրությամբ ամերիկյան կողմը դեռ առաջին տեղում է։ Ուստի Պեկինի համար կարևոր է՝ նվազեցնել լարվածության մակարդակը, ինչը կնպաստի Չինաստանին պահպանել իր տնտեսական աճի տեմպերը», - հավելել է փորձագետ Անդրեյ Կարնեևը։

Ինչո՞վ է սպառնում Չինաստանին ուժային սցենարը


Իրականում ռազմական սցենարի հավանականությունը կարող է կախված լինել նրանից, թե Արևմուտքն ինչպես կվերաբերվի Ռուսաստանի գործողություններին: Մասնավորապես, Պենտագոնի ղեկավարի օգնականի նախկին տեղակալ Հայնո Քլինքը չի բացառել, որ Չինաստանը ակտիվորեն վերահսկում է իրավիճակը՝ հնարավոր ռիսկերի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։

«Այնուամենայնիվ, Թայվանի հարցում կա ԱՄՆ գործոն, որը երբեք չի հայտարարել, որ չի պաշտպանելու կղզին: Ինչ վերաբերում է Ուկրաինային, Վաշինգտոնը բազմիցս ասել է, որ իրենք չեն պատրաստվում կռվել ռուսների դեմ, իսկ Թայվանի հետ կապված՝ ռազմավարական անորոշություն կա։ Եթե ​​ԱՄՆ-ն ցանկանա, նրանք կմիջամտեն և կսկսեն ինչ-որ ռազմական գործողություն՝ պաշտպանելու Թայվանը։ Հասկանալի է, որ Թայվանը միայն կարճ ժամանակով կկարողանա ինքնուրույն դիմանալ: Բացի այդ, այս հարցում ԱՄՆ-ն ունի այնպիսի դաշնակից, ինչպիսին Ճապոնիան է, որը վերջին տարիներին սկսել է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Թայվանի նկատմամբ», - հավելել է փորձագետը։

«Եթե համեմատենք Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակի հետ, ապա Ռուսաստանի վրա հիմա ճնշում չեն գործադրում, նրան ծեծում են։ Չինաստանը, իհարկե, նայում է այս ամենին և չի ցանկանում ռուսական քաղաքական համակարգի փլուզում, բայց եթե դա սկսի տեղի ունենալ, չի աջակցի դրան։ Միևնույն ժամանակ, եթե Պեկինն իսկապես որոշի գնալ Թայվանի ռազմական սցենարին, ապա այստեղ իրավիճակը դեռ այլ կլինի», - հաղորդում է Gazeta.ru-ն։