Միջազգային

Ի՞նչ է ուզում Պուտինը Ուկրաինայում

Նախապատմություն

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարիներ շարունակվող հակամարտության սրումը Սառը պատերազմից ի վեր Եվրոպայում անվտանգության ամենամեծ ճգնաժամն է առաջացրել: Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի մի քանի շրջանների վրա կենդանացնում են արևմտյան տերությունների և Մոսկվայի միջև վտանգավոր դիմակայության ուրվականը:  Հինգշաբթի առավոտյան Ուկրաինայի մի քանի շրջաններ ենթարկվեցին հարձակման՝ այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տվեց «հատուկ ռազմական գործողության» մեկնարկը և նախազգուշացրեց արյունահեղության մասին այն դեպքում, եթե ուկրաինական ուժերը չդնեն զենքերը:

Միջազգային իրավիճակը

Հարձակումը տեղի ունեցավ օրեր անց՝ այն բանից հետո, երբ Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան պաշտոնապես կճանաչի ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները՝ հրամայելով ռուսական զորքեր տեղակայել այնտեղ, որը, ըստ տարածված կարծիքի, բացահայտում էր ավելի լայն ռազմական առճակատման նպատակները։ 

Քանի որ իրավիճակը Ուկրաինայի սահմանին սրվել է, ՆԱՏՕ-ն բարձրացրել է իր արագ արձագանքման ուժերի պատրաստակամությունը, անդամ երկրները զորքեր են մտցրել, անցել բարձր պատրաստության և գումարտակներ, ինքնաթիռներ ու նավեր տեղակայել տարածաշրջանում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի ասել է, որ ԱՄՆ-ն լրացուցիչ զորքեր կտեղակայի Եվրոպայում՝ ՆԱՏՕ-ի արևելյան դաշնակիցների մոտ: Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ն մի քանի հազար զինվոր է ուղարկել Արևելյան Եվրոպայի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ։

ԱՄՆ-ն նաև բացահայտեց նոր պատժամիջոցները, որոնք կավելացնեն ՌԴ երկու խոշոր ֆինանսական հաստատությունների, երկրի սուվերեն պարտքի և ռուսական էլիտաների ու նրանց ընտանիքի անդամների դեմ ուղղված միջոցառումների «առաջին տրանշը»: 

Ի՞նչ է ուզում Պուտինը

2021թ. հուլիսին գրված իր էսսեում Պուտինը ռուսներին և ուկրաինացիներին անվանել է «մեկ ժողովուրդ» և նշել, որ Արևմուտքը փչացրել է Ուկրաինային ու դուրս մղել Ռուսաստանի ուղեծրից՝ «ինքնության բռնի փոփոխման» միջոցով։ Պատմական նույն փաստարկների փաթեթը օգտագործվեց Պուտինի կողմից երկուշաբթի՝  ռուս ժողովրդին ուղղված ուղերձում, որով հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները ճանաչելու իր որոշման մասին՝ միևնույն ժամանակ կասկածի տակ դնելով Ուկրաինայի ինքնիշխանությունը:

Փաստորեն, Պուտինի ջանքերը՝ Ուկրաինան վերադարձնելու Ռուսաստանի ուղեծիր, արժանացել են հակազդեցության, քանի որ վերջին մի քանի հարցումները ցույց են տվել, որ ուկրաինացիների մեծամասնությունն այժմ կողմ է ԱՄՆ-ի գլխավորած անդրատլանտյան ռազմական դաշինքին անդամակցությանը: Դեկտեմբերին Պուտինը ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ներկայացրեց անվտանգության պահանջների ցուցակը։ Դրանցից գլխավորը երաշխիքն էր, որ Ուկրաինան երբեք չի մտնի ՆԱՏՕ, և որ դաշինքը հետ է մղում իր ռազմական հետքը Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում:

Պուտինը նշել է, որ շահագրգռված չէ այդ թեմայով երկար բանակցություններով։ «Դուք պետք է մեզ երաշխիքներ տաք, և դուք պետք է դա անեք անմիջապես, հենց հիմա», - ասաց նա անցյալ տարեվերջին՝ իր ամենամյա ասուլիսում։ «Մենք հրթիռներ տեղակայու՞մ ենք ԱՄՆ-ի սահմանի մոտ, ոչ։ Մենք չենք, ԱՄՆ-ն է, որ եկել է մեր տուն՝ իր հրթիռներով, և արդեն կանգնած է մեր շեմին»:

Ի՞նչ է ուզում Ուկրաինան

Ուկրաինայի կառավարությունը պնդում է, որ Մոսկվան չի կարող խանգարել Կիևին՝ ավելի սերտ կապեր հաստատել ՆԱՏՕ-ի հետ, կամ որևէ այլ կերպ միջամտել նրա ներքին կամ արտաքին քաղաքականությանը։ «Ռուսաստանը չի կարող խանգարել Ուկրաինային՝ մերձենալ ՆԱՏՕ-ի հետ, և իրավունք չունի որևէ կարծիք հայտնել համապատասխան քննարկումներում», - ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ 

Շատ ուկրաինացիներ դժգոհ են, որ կառավարությունը չի կատարել նախընտրական խոստումները, այդ թվում՝ երկրի դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարը: Սակայն, առավել հրատապ մտահոգությունը Զելենսկու ձախողումն է մինչ այժմ երկրում խաղաղություն հաստատելու հարցում:

© Էլիզա Մաքինթոշ
24.02.2022