Միջազգային

Ալիևը Մոսկվայում և նոր դաշնակցային հռչակագիրը Ռուսաստանի հետ

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն այսօր՝ փետրվարի 22-ին, Մոսկվայում․ հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ Բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները նախատեսում են դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր ստորագրել։ Նշվում է, որ այս համաձայնագիրը Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները նոր՝ դաշնակցային մակարդակի կհասցնի։

Պուտինն ու Ալիևը կքննարկեն նաև, թե ինչպես են իրականացվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ԼՂ վերաբերյալ 2020թ․ նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021թ․ նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերի կետերը, մասնավորապես՝ տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները Հարավային Կովկասում։ Ալիևը Մոսկվա էր ժամանել նախօրեին։ «Վնուկովո-2» օդանավակայանում Ադրբեջանի ղեկավարին և նրա կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, դիմավորել են ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և այլ պաշտոնյաներ։