Միջազգային

Բայդենը համոզված է՝ Պուտինը ներխուժելու է Կիև

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ համոզված է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է ներխուժել Ուկրաինա, իսկ հարձակումը կարող է տեղի ունենալ «մոտ օրերս»։ Բայդենն ասել է, որ գնահատականը հիմնված է ԱՄՆ հետախուզության վրա, ըստ որի՝ թիրախում լինելու է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը:

Ռուսաստանը քանիցս հերքել է լուրերը, թեպետ նախօրեին Դոենցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններից հազարավոր մարդկանց տարհանում է սկսվել։ Արևմտյան երկրները մեղադրում են Ռուսաստանին Ուկրաինայի անջատողական արևելյան շրջաններում կեղծ ճգնաժամ հրահրելու մեջ՝ հարձակողական գործողություններ սկսելու հիմք ստեղծելու համար։ ԱՄՆ-ի գնահատմամբ՝ 169.000-190.000 ռուս անձնակազմ է կուտակված Ուկրաինայում և մերձակա տարածքներում։

Սպիտակ տնից արված հեռուստաուղերձում ԱՄՆ նախագահ Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը «պատճառ ունի հավատալու», որ ռուսական ուժերը «պլանավորում են և մտադիր են հարձակվել Ուկրաինայի վրա գալիք շաբաթվա ընթացքում՝ առաջիկա օրերին: Այս պահի դրությամբ ես համոզված եմ, որ նա [Պուտինը] որոշում է կայացրել»: Սակայն, ԱՄՆ նախագահի խոսքերով, Ռուսաստանը «դեռ կարող է ընտրել դիվանագիտությունը», և որ «դեռ ուշ չէ լարվածության թուլացման և բանակցությունների սեղան վերադառնալու համար»: