Միջազգային

Հունաստանը Ֆրանսիայից Rafale կործանիչներ է գնում

Հունաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի պաշտպանունակության ուժեղացման օրինագծին, որով հավանություն է տրվել Ֆրանսիայից վեց “Rafale” կործանիչների, երեք “Belharra” ֆրեգատների և սուզանավային տորպեդների գնմանը․ հայտնում է Աթենքի “AMNA” գործակալությունը։

Նախագծին կողմ է արտահայտվել պատգամավորների ճնշող մեծամասնությունը։ Իշխող «Նոր դեմոկրատիա»-ից բացի, օրինագծին կողմ են քվեարկել «Փոփոխության շարժումը» (KINAL) և հունական «Լուծում» կուսակցությունը։ Ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ ՍԻՐԻԶԱ-Առաջադեմ դաշինքը, ձեռնպահ է քվեարկել։ Հունաստանի կոմունիստական ​​կուսակցությունը և MERA25 կուսակցությունը դեմ են քվեարկել։

Ինչպես բանավեճի ժամանակ հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, Հունաստանը կործանիչները կստանա մինչև 2024թ․ վերջ, իսկ առաջին ֆրեգատը՝ 2025թ․։ Մինչ այս Հունաստանը պայմանագիր է ստորագրել 18 “Rafale” կործանիչ գնելու մասին, առաջին վեց ինքնաթիռներն արդեն ժամանել են Հունաստան։ Օրինագծի համաձայն՝ երեք ֆրեգատների ձեռքբերման արժեքը կկազմի 3,237 մլրդ եվրո։