Միջազգային

G7-ի ԱԳՆ ղեկավարները Ուկրաինայի հարցով շտապ կհանդիպեն Գերմանիայում

G7-ի ԱԳ նախարարները այս շաբաթ պլանավորում են  շտապ հանդիպում անցկացնել Գերմանիայում․ փետրվարի 16-ին հաղորդել Է ճապոնական “Kyodo” գործակալությունը։ Նախատեսվում է, որ G7-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը պետք է տեղի ունենա Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում:

“Kyodo” գործակալության կառավարական աղբյուրների տվյալներով՝ հանդիպման հիմնական թեման լինելու է ռուս-ուկրաինական ճգնաժամը: Ճապոնական կողմից հանդիպմանը մասնակցելու է արտգործնախարար Յոսիմասա Հայասին: Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 18-20-ը, մասնակցելու են պետությունների և կառավարությունների՝ 35-ից ավելի ղեկավարներ:

Սպասվում է, որ ԱՄՆ-ը կներկայացնեն փոխնախագահ Քամալա Հարիսը և պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Գերմանիայի պատվիրակությունը կգլխավորի կանցլեր Օլաֆ Շոլցը: Խոսվում է նաև խորհրդաժողովին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցության մասին: