Ֆինանսներ

Վճարային քարտերի թիվն ավելացել է 3.11%-ով

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. չորրորդ եռամսյակում Հայաստանում շրջանառության մեջ է գտնվում 2․702․657 վճարային քարտ։ 2021թ. երրորդ եռամսյակի համեմատ վճարային քարտերի թիվն ավելացել է 3.11%-ով կամ 81․632-ով, իսկ 2020թ. չորրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 8.25% կամ 206․062։

Մասնավորապես, շրջանառության մեջ գտնվող ArCa քարտերի թիվը 765․917 է։ 2020թ. չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 0.5%-ով կամ 3,839-ով։ VISA քարտերի թիվը 1․192․511 է։ 2020թ. չորրորդ եռամսյակի համեմատ դրանց թիվն աճել է 12.96%-ով կամ 139․839-ով։ MasterCard քարտերի թիվը 699,289 է, անցած 12 ամսում դրանց թիվն աճել է 10.27%-ով կամ 65․156-ով։ Այլ քարտերի թիվը (որոնց թվում նաև American Express) 44․940 է, արձանագրվել է աճ 0.51%-ով կամ 228-ով։

VISA քարտերին բաժին է ընկնում շրջանառության մեջ գտնվող քարտերի 44.12%-ը, ArCa քարտերին՝ 28.34%, MasterCard-ին՝ 25.87%, և այլ քարտերին՝ 1.66%։

Ինչ վերաբերում է քարտերի տեսակներին, ապա շրջանառության մեջ գտնվող քարտերից դեբետային է 1․747․868-ը կամ 64.67%-ը, հաշվարկային է՝ 840․836-ը կամ 31.11%-ը և վարկային է՝ 113․953-ը կամ 4.22%-ը։

Ֆիզիկական անձանց կողմից շրջանառվող վճարային քարտերի թիվը 2․677․809 է, իսկ իրավաբանական անձանձ կողմից շրջանառվում է 24․848 քարտ։

Ինչ վերաբերում է տեխնոլոգիաներին, ապա քարտերից 820․435-ը կամ 30.36%-ը մագնիսական ժապավենով են, 4․686-ը կամ 0.17%-ը՝ միկրոպրոցեսորային, 1․462․013-ը կամ 54.10%-ը՝ NFC, (առանց հպման տեխնոլոգիա), 380․073 կամ 14.06%՝ հիբրիդ են և 35․450 կամ 1.31% վիրտուալ քարտեր են։