Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցությունները փակուղի չեն մտել, կողմերը շարունակում են քննարկել առանցքային հարցեր։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է։ «Երբ բանակցությունների ընթացքը հասնում է լուրջ թեմաների շուրջ երկխոսության կետին, բանակցությունները դառնում են բարդ և բախվում որոշակի ձգձգումների։», հայտարարել է Խաթիբզադեն։
Խաթիբզադեն նաև հավելել է, որ անհրաժեշտ է քաղաքական որոշում կայացնել, «Թեհրանը դա ընդունել է շատ տարիներ առաջ, երբ միացել է միջուկային գործարքին և այսօր մենք սպասում ենք արևմտյան կողմի ներկայացված նախաձեռնությունների արձագանքին»։
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին կիրակի օրը իր թվիթերում գրել էր, որ Վիեննայում բանակցային աշխատանքները գնալով ավելի են բարդանում։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 8-ին երկարատև դադարից հետո Վիեննայում վերսկսվեց Իրան-Արևմուտք բանակցությունների ութերորդ փուլը՝ նպատակ ունենալով վերականգնել միջուկային գործարքն իր սկզբնական տեսքով և ԱՄՆ-ին վերադարձնել բազմակողմ համաձայնագրին։ Բանակցային աշխատանքներն իրականացվում են ինչպես Իրանի և Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի և Ֆրանսիայի համատեղ հանձնաժողովի շրջանակներում, այնպես էլ ԱՄՆ-ի հետ առանձին խորհրդակցությունների ձևաչափով՝ առանց Թեհրանի մասնակցության։ Բանակցողներն արդեն պայմանավորվել են արագացնել համաձայնագրի նախագծի վրա աշխատելու գործընթացը։ Ենթադրվում է, որ ութերորդ փուլը կարող է լինել վերջինը, քանի որ խորհրդակցությունների մասնակիցները աշխատանքները պետք է ավարտեն փետրվարին։