Միջազգային

Ռուսաստանը Ուկրաինայում գրեթե սպառել է գերճշգրիտ զենքի պաշարները

Ռուսաստանը օգտագործել է իր ճշգրիտ զենքի մեծ մասը Ուկրաինայի հետ պատերազմում և չի կարողացել հասնել օդային գերազանցության։ Այդ մասին գրել է The New York Times-ը՝ վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաներին: Ռուս օդաչուները հաճախ չեն կարողանում արագ հայտնաբերել և խոցել գետնի վրա գտնվող թիրախները: Ռուսական բանակը ցույց է տվել, որ կարող է խոցել միայն անշարժ թիրախներ՝ օգտագործելով հրետանի կամ բալիստիկ ու թևավոր հրթիռներ, որոնք հաճախ ձախողվում են:

Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության մայիսի 2-ի տվյալների՝ ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանը ճշգրիտ զինատեսակներով Ուկրաինայի տարածքին հասցրել է ավելի քան 2100 հարված։ Ուկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանը օգտագործում է ռմբակոծիչով արձակվող «X-101» կառավարվող թևավոր հրթիռներ, «Տոչկա» և «Իսկանդեր» կարճ և միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ և ռազմանավերից արձակված «Կալիբր» թևավոր հրթիռներ։