Երրորդ Հանրապետություն

Անկախության խորհրդարանի Բաբկեն Արարքցյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 13-ին, 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Գերագույն խորհրդի վերջին և Ազգային ժողովի առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանը։ Անվիճելի փաստ է․ անուրանալի է Բաբկեն Արարքցյանի դերը ղարաբաղյան շարժման, նորանկախ Հայաստանի պետականության կայացման գործում։

Իրենց պայքարի ընկերոջ մահվան կապակցությամբ Radar Armenia-ն զրուցել է Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավորներ Արամ Մանուկյանի և Ավետ Գրիգորյանի հետ։

Բաբկեն Արարքցյանը 1990-1991թթ․ Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալն էր, իսկ 1991-ին ընտրվեց ԳԽ նախագահ և ղեկավարեց այն մինչև 1995 թվականը։ Այդ տարիներին Արարքցյանը նաև եղել է Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ և ԳԽ սահմանադրական հանձնաժողովի համանախագահ:

1995-ի հուլիսի 27-ին Արարքցյանն ընտրվեց Ազգային Ժողովի նախագահ՝ դառնալով Հայաստանի առաջին գումարման ԱԺ նախագահը։ Այդ պաշտոնից հրաժարական տվեց 1998-ին՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի թիմի հետ միաժամանակ։

Նա հիմնադրել ու ղեկավարել է «Արմատ» հասարակական կազմակերպությունը։

Բաբկեն Արարքցյանն ավելի քան 30 գիտական աշխատության և բուհական դասագրքերի հեղինակ է: