Երրորդ Հանրապետություն

Երրորդ Հանրապետություն - Լեռնային Ղարաբաղ․ ներսից և դրսից (ՄԱՍ 1). Վահրամ Աթանեսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ն ներկայացնում է «Երրորդ Հանրապետություն» պատմական բնույթի հաղորդաշարը։ Մեր զրուցակիցները իրադարձությունների ակտիվ դերակատարներն են ու ականատեսները, որոնք պատմում են նորանկախ պետության չլուսաբանված դրվագների մասին: Մեր զրույցները տեղի են ունենում այն վայրերում, որտեղ ծավալվել են իրադարձությունները: 

«Երրորդ հանրապետություն» հաղորդաշարի հյուրը հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Վահրամ Աթանեսյանն է։ Հարկ ենք համարում նշել, որ հաղորդումը նկարահանվել է նախքան Ադրբեջանի վերջին հարձակումը Արցախի վրա։

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի պատմությանը՝ ներսից և դրսից։ Հաղորդման առաջին մասում բանախոսը մասնավորապես անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ծագմանը, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունված Արցախի անկախության հռչակագրին և 1994 թվականին կնքված անժամկետ զինադադարին: 

- Պարոն Աթանեսյան, իրականում ինչպիսի՞ն էր դրությունը սահմանին 1994 թվականին։ Շատ է չարչրկվում այն հարցը, որ պետք էր շարունակել պատերազմը և հասնել Ադրբեջանի կապիտուլյացիային։ Կայի՞ն դրա նախապայմանները։

- Ասողներն անտեղյակ են և՛ Լեռնային Ղարաբաղի խնդրի էությանը, և՛ պատերազմական գործողությունների պատմությանը, առավել ևս` ուժերի այն հարաբերակցությանը, որ եղել է հրադադարի համաձայնագիրը ստորագրելու պահին։ Հայկական կողմը 1994 թվականի հունվարից մինչև մայիսի 14-ը (փաստաթղթում`12 է, սակայն ռազմական գործողությունները ձգվել են մինչև 14-ը), 3000 զոհ է տվել, և դա եղել է այն կրիտիկական պահը, որ եթե մենք հրադադարի հաստատման չհասնեինք, ապա ունենալու էինք ևս այդքան զոհ, և, եթե պատերազմը շարունակվեր մի քանի ամիս էլ, գուցե ունենայինք այն իրավիճակը, ինչ այսօր ունենք։ Ես քաջատեղյակ չեմ, բայց գիտեմ, որ ռազմական վերլուծություններ են կատարվել այս կամ այն ուղղությամբ հարձակումը խորացնելու համար, և ռազմական գործին տիրապետող գեներալները խորհուրդ չեն տվել։