«Երրորդ հանրապետություն» հաղորդաշարի հյուրը Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն է։ Զրույցի ընթացքում բանախոսն անդրադարձել է մի շարք կարևոր իրադարձությունների։ Մասնավորապես, անդրադառնալով երևանյան հին թաղերի և պատմամշակութային արժեք ունեցող պահպանված ու խնամված շենքերի ակնհայտ սակավությանը, բանախոսն ասել է.
«Մի քիչ հեռվից գամ`մեղադրելով նաև ինձ։ Երևանն ունեցել է փայլուն գլխավոր հատակագիծ՝ թամանյանական, այնտեղ կար ազգային, պետական մտածողություն, նաև` մեծ տեսլական։ Այն զուտ քաղաքաշինական փաստաթուղթ չէր, այլ պետական, ազգային։ Չեմ վախենում գնահատական տալ, վախենում եմ լինել դատավոր, որովհետև ում մեղադրեմ անցյալից, կասեն՝ ես հասցրի այդքան սխալվել, բա դո՞ւ ինչ ես արել»։
Արեյանի կարծիքով` հիշողության առումով քաղաքը պահպանելու հնարավորություն իրենք ունեցել են․ «Ես էլ եմ մեղավոր, իմ աչքի առաջ է եղել, ես էլ փոխքաղաքապետ էի՝ հնարավորություն չեմ ունեցել ի պաշտոնե այդ որոշման վրա ազդելու, սակայն ունեցել եմ իմ պատկերացումը։ Այդ հին Երևանը ուշացած իմիտացիա է, կարծես՝ երեխայի մանկական հիշողությունը ջրաներկով վերարտադրես թղթի վրա․ ի՞նչ հին Երևան այլևս»։
Բանախոսն անդրադարձել է նաև Կոնդ թաղամասի խնդիրներին.
«Կոնդի սոցիալականը եկել գերազանցել է Կոնդի պատմականին։ Կոնդի պատմականից էլ բան չի մնացել, դեմքը պահող բնակիչներն էլ չկան արդեն, և այն դարձել է ավելի շատ քաղաքաշինական, սոցիալական բեռ։ Այն պատմական գեղեցիկ ավանդույթից, որ ուներ Կոնդը՝ արևմտահայերով բնակեցված, գեղեցիկ մթնոլորտով, ազգագրությամբ, այսօր մնացել է շատ նվազ բան»։