Տեխնէ

Տիեզերքի ամենահայտնի «լուսանկարիչը» 35 տարեկան է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Լրացավ աշխարհում ամենահայտնի տիեզերական սարքավորումներից մեկի՝ «Հաբբլ» աստղադիտակի արձակման 35-ամյակը։ Այն ուղեծիր դուրս բերվեց 1990 թվականի ապրիլի 24-ին՝ դառնալով առաջին տիեզերական աստղադիտակը, որը հնարավորություն տվեց դիտարկել տիեզերքը մթնոլորտից դուրս՝ աննախադեպ պարզությամբ ու խորությամբ։

Այս ընթացքում «Հաբբլ»-ը դարձել է ոչ միայն գիտական նվաճումների խորհրդանիշ, այլ նաև այս աստղադիտակը դարձավ աշխարհի ամենահայտնի «լուսանկարիչներից» մեկը՝ ընդլայնելով տիեզերքի ուսումնասիրության սահմաններն ու բացելով նոր էջ մարդկության գիտական պատմության մեջ։

Նրա օգնությամբ կատարված ուսումնասիրությունները արմատապես փոխել են տիեզերքի կառուցվածքի և զարգացման վերաբերյալ գիտնականների պատկերացումները։

«Երբ մենք կառուցում էինք «Հաբբլ»-ը, փորձում էինք պատասխաններ գտնել կոնկրետ հարցերի՝ տիեզերքի ծագման ժամանակի, դրա չափերի և այլ նման խնդիրների շուրջ», – BBC-ին տված հարցազրույցում նշել է նախագծի նախկին համակարգող Հեյդի Համմելը,- «Բայց եթե այսօր կազմենք «Հաբբլ»-ի 10 ամենակարևոր գիտական հայտնագործությունների ցանկը, կտեսնենք, որ դրանց կեսը նույնիսկ ներառված չէր մեր նախնական առաջադրանքներում։ Մենք այն ժամանակ այնքան քիչ բան գիտեինք, որ նույնիսկ ճիշտ հարցեր չէինք կարող ձևակերպել»։

35 տարվա գործունեության ընթացքում «Հաբբլ»-ն ուսումնասիրել է շուրջ 55 հազար աստղագիտական օբյեկտ՝ սկսած փոքր էկզոմոլորակներից և թզուկ գալակտիկաներից մինչև տասնյակ հազարավոր լուսային տարիներ ընդգրկող միգամածություններ։ Նրա կատարած դիտարկումների հիման վրա գիտական մամուլում հրապարակվել է ավելի քան 22 հազար հոդված։ Աստղադիտակից Երկիր է փոխանցվել ավելի քան 400 տերաբայթ գիտական տեղեկատվություն։

Հոբելյանի պատվին NASA-ն և Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) ավանդույթի համաձայն հրապարակել են վերջին ժամանակաշրջանում «Հաբբլ»-ի միջոցով արված ամենատպավորիչ լուսանկարները՝ ևս մեկ անգամ ընդգծելով աստղադիտակի՝ ինչպես գիտական, այնպես էլ մշակութային նշանակությունը։