Հետազոտությունները պարզել են, որ Մարսի փոշին կարող է վտանգավոր լինել կարմիր մոլորակը ուսումնասիրող մարդկանց համար։ Նոր ուսումնասիրությունը բացահայտում է առողջական մի շարք ռիսկեր և քննարկում այն անհատական պաշտպանիչ սարքավորումները, որոնք կարող են անհրաժեշտ լինել տիեզերագնացներին, գրում է The Guardian-ը։
«Ապոլոն» առաքելությունների ժամանակ Լուսնի վրա տիեզերագնացները բախվել են լուսնային փոշու բացասական ազդեցությանը։ Այն կպչում էր տիեզերական սկաֆանդրերին և ներթափանցում վայրէջքի սարքեր, առաջացնելով հազ, աչքերի արցունքահոսություն և կոկորդի գրգռում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ երկարատև շփումը կարող է հանգեցնել քրոնիկ առողջական խնդիրների։
Մարսի փոշին, թեև այնքան սուր և հղկող չէ, որքան լուսնայինը, նույնպես հակված է կպչելու ամեն ինչին։ Նրա մանր մասնիկները, որոնք մոտավորապես մարդու մազի հաստության 4%-ի չափ են, կարող են խոր ներթափանցել թոքեր և հայտնվել արյան հունում։ Փոշին պարունակում է թունավոր նյութեր, ինչպիսիք են սիլիցիումը, գիպսը և տարբեր մետաղներ։
«Մարսի առաքելությունն զրկված է Երկիր արագ վերադառնալու և բուժում ստանալու հնարավորությունից»,- նշում են հետազոտողները GeoHealth ամսագրում։ 40 րոպե տևողությամբ կապի ուշացումը սահմանափակում է Երկրից հեռավոր բժշկական օգնության արդյունավետությունը։ Հետևաբար, գիտնականները շեշտում են փոշու հետ շփումը նվազեցնելու կարևորությունը, ինչը պահանջում է օդի ֆիլտրեր, ինքնամաքրվող տիեզերական սկաֆանդրեր և էլեկտրաստատիկ վանման սարքավորումներ։