Հայաստանից Չինաստան ժամանած լրագրողներին և բլոգերներին հնարավորություն տրվեց այցելել նաև Չինաստանի ամենազարգացած քաղաքներից մեկը՝ Ցինդաո։ Պեկինից Ցինդաո ուղևորվեցինք 350 կմ/ժ արագությամբ ընթացող գնացքով, որը չինացիների կարևոր ձեռքբերումներից մեկն է համարվում։
Երբ ասում ենք, որ Ցինդաոն Չինաստանի ամենազարգացած քաղաքներից մեկն է, նկատի ունենք տեխնոլոգիական զարգացումը։ Ցինդաո քաղաքում նախատեսված այցելությունների օրակարգում էր քաղաքի նավահանգիստը, որի տերմինալներից մեկն ամբողջությամբ աշխատում է արհեստական բանականությամբ, իսկ մյուս հատվածը՝ մասամբ ավտոմատացված, որը ևս ժամանակի ընթացքում աշխատելու է ավտոմատացված։
Ցինդաո քաղաքի նավահանգիստը նախ զարմացրեց իր մեծությամբ, իսկ արհեստական բանականության միջոցով աշխատանքը ֆանտազիայի ժանրի ֆիլմի էր նման։ Հսկայական տերմինալն ամբողջությամբ աշխատում է առանց մարդու միջամտության՝ խելացի վերամբարձ կռունկներ, դիսպետչերական կետ, սկանավորման համակարգեր, կոնտեյների ավտոմատացված տեղափոխում։ Եվ այս ամբողջ պրոցեսին հետևում է մեկ անձ՝ համակարգչի միջոցով կառավարելով նավահանգստի այդ տերմինալի աշխատանքը ։
Չինացիները հպարտությամբ են խոսում, որ առաջինն են Ասիայում, որ ամբողջությամբ արհեստական բանականությամբ աշխատող նավահանգստային տերմինալ ունեն։
Radar Armenia-ի թղթակցի փոխանցմամբ՝ նավահանգստի տերմինալի արհեստական բանականության միջոցով աշխատացնելու գործընթացը տևել է ընդամենը 3 տարի։ Եվ հատկանշական է, որ ավտոմատացման գործընթացի համար օգտագործվել է բացառապես Չինաստանում արտադրված սարքավորումներ և տեխնիկա։ Նավահանգստի կառավարիչն ասում էր, որ արհեստական բանականությամբ տերմինալի գործարկումից հետո աշխատակիցների թիվը 1200-ից դարձել է 300։
Հայկ Մագոյան