Այս տարվա սկզբին Ֆրանսիայի տվյալների պաշտպանության CNIL գործակալությունը տուգանեց Google-ին 150 միլիոն եվրոյով (170 միլիոն դոլար)՝ քուքիների մասին ինֆորմացիայում շփոթեցնող կարգավորումներ օգտագործելու համար: Նախկինում Google-ը թույլ էր տալիս օգտատերերին՝ կամ ընդունել բոլոր հետևող քուքիները կոճակի մեկ սեղմումով, կամ՝ ստիպում էր մարդկանց անցնել տարբեր ընտրացանկերի միջով՝ բոլոր քուքիները մերժելու համար: «Այս անհամաչափությունն անօրինական էր,- ասում է CNIL-ը,- դա օգտատերերին մղում էր՝ ընդունել քուքիները, այդպիսով նպաստելով Google-ի գովազդային բիզնեսին»:
Դա շտկելու համար Google-ը նոր քուքիների ինֆորմացիան տալիս է հստակ, հավասարակշռված ընտրությամբ՝ «մերժել բոլորը», «ընդունել բոլորը» կամ «ավելի շատ տարբերակներ» (ավելի մանրամասն վերահսկողություն իրականացնելու համար): Նոր ընտրացանկը կհայտնվի Google Search-ում և YouTube-ում, եթե օգտատերերը մուտք չեն գործել իրենց օգտահաշիվ։ Եթե մուտք եք գործել, կարող եք կարգավորել ընտրանքները Google-ի տվյալների և գաղտնիության ընտրացանկի միջոցով:
«Մենք մեկնարկել ենք Ֆրանսիայում և ընդլայնելու ենք այս փորձը եվրոպական տնտեսական տարածքում, Մեծ Բրիտանիայում և Շվեյցարիայում»,- ասել է Google-ի արտադրանքի մենեջեր Սամմիթ Ադհյան՝ փոփոխությունների մասին արված հայտարարության մեջ: «Շուտով տարածաշրջանի օգտատերերը կունենան քուքիների նոր ընտրություն, որը կարելի է ընդունել կամ մերժել մեկ սեղմումով»:
Ընդհանուր առմամբ՝ քուքիների ինֆորմացիայի օգտագործումը դեռևս շփոթեցնող և հիասթափեցնող փորձառություն է համացանցային օգտատերերի մեծամասնության համար: Քուքիները մերժելու կամ ընդունելու հնարավորություն տալը ենթադրում էր, որ մարդկանց ավելի մեծ վերահսկողություն կտրվեր իրենց տվյալների վրա, սակայն, ինչպես ցույց է տալիս Google-ի անցած ճանապարհը, դա կարող է կախված լինել այն բանից, թե ինչպես են այդ գործառույթներն իրականացվում: Թվային իրավունքների եվրոպական կենտրոնը, որը քարոզարշավ է իրականացնում քուքիների ճիշտ ընտրացանկեր ներմուծելու համար, ասում է, որ օգտատերերի 90%-ը ընդունում է բոլոր քուքիները, բայց միայն 3%-ն է իրականում ցանկանում ընդունել դրանք: