«Զահա Հադիդ» ճարտարապետական գրասենյակի բրիտանական ճարտարապետական ստուդիան ստեղծել է «կիբեր-ուրբանիստական» քաղաք մետատիեզերքում, որտեղ մարդիկ կարող են հողակտորներ գնել կրիպտոարժույթի միջոցով և մուտք գործել թվային կառույցներ, որպես «ավատարներ» (թվային հերոսներ):
Այս վիրտուալ քաղաքը Լիբերլենդ Մետատիեզերք է կոչվում և հիմնված է, այսպես կոչված, Լիբերլենդի ազատ հանրապետության վրա, որը չեխ գործիչ Վիտ Եդլիչկայի կողմից հռչակված թվային պետություն է: Այն գտնվում է Խորվաթիայի և Սերբիայի միջև գտնվող վիճահարույց տարածքում:
Ինչպես բացատրում է «Զահա Հադիդ» ճարտարապետական գրասենյակի գլխավոր ճարտարապետ Պատրիկ Շումախերը՝ մինչ Լիբերլենդի Մետատիեզերքը նպատակ ունի առաջնորդել Լիբերլենդի զարգացումը, որպես լիբերտարիական թվային պետություն, այն ունի նաև ինքն իրենով, որպես ազատ թվային իրականություն, գործելու խնդիր: Այս նախագծի հավակնություններից է՝ դառնալ ցանցի ստեղծման և համագործակցության համար առաջատար կայք՝ զարգացող web 3.0 ինդուստրիայում, լայն իմաստով՝ այն մետատիեզերք է մետատիեզերք զարգացնողների և կրիպտո էկոհամակարգի համար:
Մարդիկ կարող են մուտք գործել Լիբերլենդ Մետատիեզերք՝ Mytaverse-ի միջոցով, որը 3D իրականություններ ստեղծող ամպային հարթակ է:
Հայտնվելով այս «կիբեր-ուրբանիստական կրիպտո-ջերմոցում»՝ մարդիկ կարող են այցելել «Զահա Հադիդ» ճարտարապետական գրասենյակի կառուցած շինություններն, այդ թվում՝ քաղաքապետարան, պլազա և ցուցասրահային կենտրոն:
«Զահա Հադիդ» ճարտարապետական գրասենյակը այստեղի բոլոր շինությունները նախագծել է ուրույն ոճով՝ կորաձև, օձանման ձևերով և կլորացված անկյուններով: Սակայն այս կառույցներից շատերը ունեն հատակի հետ հենարան չունեցող տարրեր՝ մի բան, որը հնարավոր չէ ձգողականության դեպքում՝ իրական կյանքում:
Քաղաքապետարանը, որը քաղաքի կենտրոնական, ուրբանիստական սիրտն է, ունի զբոսանքի համար պատշգամբաձև շինվածք, որն իրենով պարուրում է կառույցը: Ներսում նստարանները պայտաձև են դասավորված, և կարելի է տեսնել պատից կախված Լիբերլենդի դրոշը:
Թվային կամպուսը, որը շրջապատված է ջրով, օգտագործվելու է որպես «ցանցային հանգույց՝ կրիպտո նախագծերի, կրիպտո ընկերությունների և կրիպտո միջոցառումների համար:
Մարդիկ կարող են նաև ձեռք բերել հողակտորներ և բիզնեսներ բացել թվային քաղաքում և, այդպիսով, ունենալ նաև մասնաբաժին իրական Լիբերլենդում:
Շումախերը նախագծել է քաղաքը՝ օգտագործելով պարամետրիզմը (համաչափականությունը), ինչը ճարտարապետական ձևեր ստանալու համակարգչային ծրագրատեսակ է:
Նա գտնում է, որ մետատիեզերքը կգործի որպես համաչափական նախագծման խթանիչ, քանի որ վիրտուալ տարածքներում չկան որևէ քաղաքաշինական սահմանափակումներ: «Վիրտուալ միջավայրերի առանցքային առավելություններն են՝ դրանց համաշխարհային հասանելիությունը և հարմարվող, համաչափական ճկունությունը», - կարծում է Շումախերը: Համաչափականությունը ճարտարապետության և քաղաքաշինության տարբերակված, բազմահեղինակ ոլորտ ձևավորելու գաղափարին ամենաշատը համապատասխանող հարացույցն է:
Հետևաբար, մասնագետները կանխատեսում են, որ մետատիեզերքի զարգագացումը կխթանի համաչափականությունը:
Մետատիեզերքի գաղափարը հիմնված է իրատեսական նախագծման և, լուսանկարչական ճշտգրությամբ, իրական ձևավորման վրա:
Իր խոսքում Հադիդի ճարտարապետական ստուդիայի ղեկավարը նշեց նաև, որ իրենք հավատում են, որ այն, գոնե մետատիեզերքի զարգացման նախնական փուլերում, թույլ կտա՝ ամբողջովին շահագործել քաղաքի անթոլոգիան՝ գործի դնելով մեր բնածին և ձեռքբերովի ունակությունները՝ կողմնորոշվելու, ճանապարհը գտնելու և նուրբ մթնոլորտներն ու իրավիճակները կարդալու առումով:
Թեև Շումախերը գտնում է, որ համացանցի ապագան մետատիեզերքում է, նա նաև պնդում է, որ ֆիզիկական տարածքները միշտ կհամագոյակցեն թվայինների հետ, և երկու աշխարհների միախառնումը կշարոնակի կուժեղանալ:
Նա դա բացատրում է նրանով, որ քանի դեռ մենք ֆիզիկական մարմիններ ենք, մենք կարիք կունենանք ֆիզիկական միջավայրերի: Վիրտուալ տարածքները նույնքան իրական են, որքան՝ ֆիզիկական միջավայրերը, իսկ սոցիալական իրականությունը գոյություն ունի ու անխափան շարունակվում է այս երկուսի բաժանման արանքում: Վիրտուալ և ֆիզիկական միջավայրերը հիանալի կերպով նախագծվում են միասին:
Ճարտարապետական ստուդիաները գնալով ավելի բուռն են լծվում մետատիեզերքում վիրտուալ շինությունների կառուցման գործին: Դանիական «BIG» ճարտարապետական ընկերությունը վերջերս ավարտեց «Vice Media Group» մեդիաընկերության վիրտուալ գրասենյակի կառուցումը մետատիեզերքում:
Մեկ այլ վայրում ճարտարապետության և ներտարածքի դիզայնով զբաղվող «Roar» ստուդիան ձեռք է բերել հողակտոր՝ իր նոր թվային ցուցասրահի համար:
Գայանե Բաբայան