SpaceX (Space Exploration Technologies Corporation) ամերիկյան ընկերությունը 2022թ. նախատեսում է իրականացնել 52 թռիչք։ Տպավորիչ ցուցանիշի մասին հայտարարվել է NASA-ի «ASAP» օդատիեզերական անվտանգության խորհրդատվական խմբի քննարկման ընթացքում։ Օնլայն հանդիպման ժամանակ տիեզերական գործակալությունը ներկայացրել է անվտանգային ծրագրերի ուղեցույցները: Եթե հաջողվի, ապա ընկերությունը կթարմացնի սեփական ռեկորդը՝ 2021թ. իրականացված 31 թռիչքը: «SpaceX-ի հեռանկարները բավականին հավակնոտ են, սակայն NASA-ն և SpaceX-ը պետք է զգոն լինեն 2022թ., որպեսզի չդառնան իրենց հաջողության զոհը», - հանդիպման ժամանակ ասել է NASA-ի նախկին տիեզերագնաց և խորհրդի անդամ Սենդի Մագնուսը: Միևնույն ժամանակ, տիեզերական թռիչքների ժամանակացույցը մշտապես ենթակա է փոփոխման, ուստի երաշխիք չկա, որ պլանավորված ցուցանիշը կյանքի կկոչվի կամ, հակառակը, չի գերազանցվի։
Ահա, օրինակ, SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը 2021թ. հայտարարել էր, որ ընկերությունը ձգտում էր 48 թռիչք իրականացնել, մինչդեռ իրականացրեց 31-ը: Այս տարի SpaceX-ն արդեն երեք առաքելություն է իրականացրել, և ևս մեկն էլ նախատեսված է մոտ օրերս: Թեև պլանը կատարելն, անշուշտ, հիանալի կլինի, այնուամենայնիվ, NASA-ի «ASAP» խորհուրդը նախազգուշացնում է նաև բացասական կողմերի մասին: Տիեզերագնաց Մագնուսի խոսքով՝ NASA-ն և SpaceX-ը պետք է պահպանեն առաջնահերթությունները և օգտագործեն ողջ ռեսուրսները՝ անվտանգության ապահովման համար։
SpaceX-ը հիմնադրվել է 2002թ.՝ Tesla Motors-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի կողմից, տիեզերական ճանապարհորդության ծախսերը նվազեցնելու և Մարսի գաղութացման համար ճանապարհներ ստեղծելու նպատակով։ SpaceX-ը NASA-ի գլխավոր գործընկերն է՝ տիեզերական թռիչքներ կազմակերպելու ոլորտում: 2008թ. դեկտեմբերի 22-ին SpaceX-ը և NASA-ն ստորագրեցին պայմանագիր՝ Commercial Resupply Services (CRS) ծրագրի շրջանակներում Միջազգային տիեզերակայանին 1,6 միլիարդ դոլար տրամադրելու մասին: Նախապես ծրագրված 12 առաքելություններին հետագայում ավելացվեցին ևս երեքը։ 2010թ. դեկտեմբերի 8-ին ընկերության Dragon տիեզերանավն առաջին անգամ արձակվեց ուղեծիր, 2019թ.-ին էլ հաջողությամբ ավարտվեց Crew Dragon մարդատար տիեզերանավի առաջին փորձնական թռիչքը դեպի Միջազգային տիեզերակայան՝ առանց անձնակազմի։ Իսկ 2020թ. մայիսի 30-ին «Քենեդի» տիեզերակայանից ընկերությունը տիեզերք է արձակել Crew Dragon տիեզերանավը՝ տեղափոխելով 2 տիեզերագնացի։ SpaceX ընկերության այս նվաճումը բացառիկ է այն առումով, որ տիեզերագնացության պատմության մեջ առաջին անգամ մասնավոր ընկերությունն է դեպի տիեզերք թռիչքներ իրականացնում։ Ընկերությունը Crew Dragon տիեզերանավով իրականացնում է NASA-ի տիեզերագնացների և բեռների տեղափոխում դեպի Միջազգային տիեզերակայան և հակառակ ուղղությամբ։ SpaceX-ը ներկայումս մշակում է նոր սերնդի հրթիռային համակարգ, որը կոչվում է Starship, որպեսզի մարդկանց տեղափոխի Լուսնի մակերես՝ «Արտեմիս» ծրագրի շրջանակում։ Այնուամենայնիվ, SpaceX-ը շատ հաճախորդներ ունի նաև NASA-ից դուրս: Այն պարբերաբար արբանյակներ է արձակում այլ ընկերությունների, միջազգային հաճախորդների և ՊՆ-ի համար:
Այժմ ընկերությունը զբաղված է ողջ մոլորակին գերարագ արբանյակային ինտերնետ տրամադրող Starlink ծրագրով։ 2019թ. ընկերությունը 60 արբանյակ արձակեց Երկրի ուղեծիր, և դրանք այժմ ապահովում են գերարագ ինտերնետ հասանելիություն՝ աշխարհի ցանկացած կետում։ 2022թ. դրությամբ SpaceX-ը աշխարհի ամենամեծ արբանյակային օպերատորն է։