Տեխնէ

Տիեզերական ուղևորություն 450հզ դոլարանոց տոմսերով

«Virgin Galactic» ընկերությունը վերսկսում է 450․000 դոլար արժողությամբ ենթաուղեծրային ճանապարհորդության տոմսերի վաճառքը, որի շնորհիվ հաճախորդները կարող են ունենալ 90 րոպեանոց շրջագայություն տիեզերքում։ Բրիտանացի գործարար Ռիչարդ Բրենսոնի «Virgin Group»-ի «Virgin Galactic» ընկերությունն իր առաջին շրջանի տոմսերի արդեն մոտ 600 ամրագրում ունի։ Նախքան առևտրային գործունեություն սկսելը՝ նախատեսվել էր վաճառել ընդհանուր առմամբ 1000 տոմս։ 

Թռիչքները կատարվելու են «SpaceShip Two» տիեզերանավով, թռիչքի տևողությունը կազմելու է 2,5 ժամ, որից 5 րոպեն՝ անկշռության մեջ։ Տիեզերանավը կարող է սպասարկել 8 հոգու՝ 2 օդաչուի և 6 ուղևորի։ Այս նորության հրապարակումից հետո ընկերության բաժնետոմսերի գինը բարձրացել է մոտ 15,5%-ով։ Իսկ մինչ այդ, ընկերության արժեթղթերը նվազել էին շուրջ կես միլիարդ դոլարով։ Բացի այդ՝ մի շարք խնդիրներ էին ծագել ռազմավարական ծրագրում և փորձարկման ընթացքում։

Նախորդ տարվա հուլիսի 11-ին տեղի ունեցավ «Virgin Galactic»-ի առաջին թռիչքը, որի 6 ուղևորների թվում էր ընկերության հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը։ Սակայն ավելի ուշ, ըստ «New Yorker»-ի զեկույցի, Բրենսոնի թռիչքի ժամանակ խցիկում նախազգուշական լույսեր էին վառվել և տիեզերանավը 41 վայրկյանով դուրս էր եկել նախանշված օդային տարածությունից։ Դա էլ պատճառ էր դարձել ԱՄՆ դաշնային ավիացիայի վարչության վերաստուգումների համար, ինչը ավարտվել էր սեպտեմբերին, և ընկերությանը թույլատրվել էր շարունակել թռիչքները։ Սակայն ընկերությունը հայտարարել էր թռիչքների դադարեցման մասին, որից հետո էլ նրա շահույթը սկսել էր անկում ապրել։ 

«Virgin Galactic»-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնն ի սկզբանե հույս ուներ՝ առաջին թռիչքը կատարել մինչև 2009թ․ վերջը, սակայն ամսաթիվը հետաձգվեց մի քանի տարով։ Ամենալուրջ խնդիրն առաջացել էր 2014թ․ հոկտեմբերին՝ VSS Enterprise տիեզերանավի վթարի պատճառով: 2009թ․ պլանավորվող ուղևորության մեկ տոմսի արժեքը կազմում էր 250․000 դոլար։ Ընկերությունը վաղաժամ նախագծային աշխատանքներ էր կատարել «LauncherOne» արբանյակի վրա, սակայն 2017թ․ այն հանձնվեց առանձին կազմակերպությանը՝ «Virgin Orbit»-ին։ 2023թ․-ից ընկերությունը նախատեսում է կազմակերպել առնվազն 3 թռիչք՝ ամսվա ընթացքում։ Տիեզերական զբոսաշրջության շուկան, ըստ «Emergen Research»-ի ուսումնասիրոության, մինչև 2028թ․ հասնելու է 1,4 միլիարդ դոլարի: «Virgin Galactic»-ն այս շուկայում այնպիսի խոշոր մրցակիցներ ունի, ինչպիսիք են՝ Ջեֆ Բեզոսի «Blue Origin»-ը և Իլոն Մասկի «Space X»-ը: «Blue Origin»-ի «New Shepard» տիեզերանավը 2021թ․ կատարել է երեք հաջող ենթաօրբիտալ թռիչքներ, իսկ «SpaceX»-ի «Crew Dragon» տիեզերանավը տիեզերք է ուղարկել առաջին քաղաքացիական անձնակազմը: