Տեսակետ

Ստեփանակերտում ժողովրդին օտարում են իշխանությունից

ՀՀ ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Ստեփանակերտում շատ անառողջ քննարկումներ են մեկնարկել։ Այդ մասին արդեն երևանյան «պատասխանատու» լրատվամիջոցներն են բաց տեքստով գրում՝ տալով որոշակի շրջանակների և Արցախի նախագահի նրանց թեկնածու(ներ)ի անուններ։ Ոչ ոք հանրությանը չի հարցնում՝ ի՞նչ սահմանդրություն է ուզում, կառավարման ի՞նչ համակարգ։ Արդյոք  պե՞տք է մեզ պետական չինովնիկության այս հսկայական բանակը, մշտական հիմունքներով խորհրդարան։ Ինչո՞վ և ինչպե՞ս են իրենց արդարացրել կուսակցություն կոչվող ակումբները, արդարացվա՞ծ է ԱԺ ընտրության համամասնական ընտրակարգը, ի՞նչ խնդիրներ և ինչպե՞ս են լուծում պետական կառավարման տարածքային մարմինները, դատական ի՞նչ իշխանություն ունենք։ Նման հարցեր չեն բարձրացվում, հետաքրքրություն չի հարուցվում։  Նույն «թարախային» իրավիճակն էր 2018-19 թվականներին, երբ ֆավորիտ թեկնածուից և նրա կուսակցությունից հինգ հարյուր քվե խլելու նպատակադրվածությամբ նախագահական և խորհրդարանական մրցապայքարի մեջ ներդրվեցին նույնիսկ էկզոտիկ, էքստավագանտ դեմքեր։  Քաղաքական ռեինկառնացիան հակացուցված է։ Պատերազմը բացահայտել է բոլոր հեղինակությունների սնանկությունը ոչ միայն որպես քաղաքական և ռազմական գործիչների, այլև զուտ որպես քաղաքացու, մարդու, անհատականության։ Եթե քաղաքական-քաղաքակրթական սերնդափոխություն չի լինելու, չի ընդունվելու իրողություններին համարժեք սահմանադրություն, չենք ունենալու կառավարման համեստ, մոբիլ և քաղաքական պատասխանատվության համակարգ, ապա ի՞նչ իմաստ ունեն սահմանադրական բարեփոխումը, արտահերթ ընտրությունները։ Ստեփանակերտում հերթական անգամ ժողովրդին օտարում են իշխանությունից»։