Տեսակետ

«Կիսահիվանդ ծառերի խնդիրը հիմա չլուծելու դեպքում առժամանակ հետո փաստի առաջ ենք կանգնելու»

«Կիսահիվանդ ծառերի խնդիրը հիմա չլուծելու դեպքում առժամանակ հետո փաստի առաջ ենք կանգնելու»

Ֆեյսբուքյան օգտատեր Էլեն Հոխիկյանն իր էջում գրել է. 

«Երևանում նման պատկեր ունենալուն բոլորովին դեմ չեմ, ավելին` կողմ եմ, հատկապես, որ գալու են փոխարինելու հին ու հիվանդ, ծռմռված ծառերի նախորդ դարում տնկված սերնդին, որը վաղուց ժամկետանց է, իսկ ծառերի զգալի մասի բները` վաղուց փտած կամ դատարկված: 

Հասկանում եմ, որ մեր երկրում առաջին ռեակցիան ամեն ինչին դեմ լինելն է` անկախ թեմայից, իրավիճակից ու բովանդակությունից և կարևոր չի դեմ արտահայտվողը մասնագիտական որակավորում ունի, թե չունի, թեմայի մանրամասների խորքային պատկերացում կա թե չկա (թեպետ հանուն արդարության` ես չեմ հանդիպել հակասական պատճառները իրար խառնող «ընդդիմադիրների», ում ինչ-որ հարցում չիմացությունը խանգարեր անկախ ամեն ինչից դեմ լինելուն): 

Ես մասնագետ չեմ, չեմ հավակնում մասնագիտական կարծիք հայտնելու, բայց թեմայի ամենամակերեսային համացանցային ուսումնասիրությունն անգամ բավարար է հասկանալու համար, որ կիսահիվանդ ծառերը ամենուր են հատման ենթարկվում, իսկ նոր տնկիների աճը բնականաբար ժամանակ է պահանջելու, ասել է թե`միանգամից կից տեսանյութի ծառերից չենք ունենալու: Բայց խնդիրը հիմա չլուծելու դեպքում առժամանակ հետո փաստի առաջ ենք կանգնելու ու արդեն պոստֆակտում արագ լուծումների փնտրտուքով զբաղվենք, ինչը կրկին մեզ խիստ բնորոշ է, ավաղ...

Ընդունում եմ, որ քաղաքապետարանը ՊԵՏՔ է պատշաճ իրազեկման քարոզարշավ իրականացներ անցած ԵՐԵՔ (!) տարիների ընթացքում` որոշման ընդունման օրվանից սկսած (որոշումը երեք տարի առաջ է ընդունվել և տնկվելիք տնկիները արդեն երեք տարեկան են): Պիտի Երևանի քաղաքացիներին իրազեկեին ու բացատրական աշխատանք կատարեին, հանրային քննարկումներ իրականացնեին - ինչը չեն արել: Գուցե սա արժի քննարկե՞լ ու սրա հետ կապված հաշվետվողականություն պահանջե՞լ: 

Հ.գ. իբրև վերջաբան` ինչ ծառատեսակ էլ ընտրվեր (թխկի, կամ այլ քննարկվող «հարմարներից») վստահ եմ, նույն պատմությունն էր լինելու: Իսկ թթվածնի համար անհանգատացողները գուցե Երևանում իրականացվող անհամաչափ շինարարությամբ ու քաղաքի տարողունակությանը անհամապատասխան հազարավոր ժամկետանց մեքենաների այրման թունավոր արտանետումներո՞վ անհանգստանային:

Տեսանյութում Ճապոնիայի փողոցներն են` սակուրաների ծաղկման շրջանում»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական