Տեսակետ

Ի՞նչ է գրում բոլորիս հայտնի Կլարան՝ Տոյվո անունով

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ինչ է գրում բոլորիս հայտնի Կլարան՝ Տոյվո անունով: Գրում է, թե ստացել են նաև ադրբեջանցիների հանդեպ գազանության մասին տեսանյութեր, ու շարունակում, թե բոլորն էլ պետք է հետաքննվեն, պատերազմը խոր վերք է թողել երկու կողմից:
Որևէ մեկը զարմանու՞մ է, որ Կլարան անում է այդպիսի գրառում: Հոկտեմբերի 1-ին Իլհամ Ալիևը Բուլղարիայում նստած էր այն կառույցի բարձրաստիճան պաշտոնյայի կողքին, ում հատուկ ներկայացուցիչն է Կլարան. Ուրսուլայի, որը Եվրահանձնաժողովի նախագահն է: Նրանք միասին բացում էին Հունաստան-Բուլղարիա միջհամակարգային գազատարը, որով ավելի շատ է հոսելու նաեև ադրբեջանական գազը: 
Եվ դարձյալ, հարկ եմ համարում կրկնել ՀԱՊԿ կամ ՌԴ արձագանքի մասով: Այո, լռում են սրիկայաբար կամ ստորաբար, և լռելու են: Կրկնեմ՝ երբ ես և Հայաստանում շատ շատ քիչ թվով մարդիկ խոսում էինք Ռուսաստանի և ՀԱՊԿ քաղաքականության վտանգների, պատերազմի վտանգի, Հայաստանի մենակ մնալու անխուսափելի վտանգի մասին, այսօր այդ թեմայի վրա «բարգավաճողների» գերակշիռ մեծամասնությունը լուռ էր: Սա կրկին հիշեցնում եմ, որպեսզի մեկնաբանությունների բաժնում կրկին չսկսվի՝ բա ՀԱՊԿ-ը ձայն հանեց, բա «դաշնակիցը» ձայն հանեց, և այլն:
Եվ ընդգծեմ՝ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը որևէ կերպ չեն ասոցացվում համամարդկային, եվրոպական արժեհամակարգի, բաց հասարակության, հանդուրժողության, ժողովրդավարության և այլնի հետ: Այդ մասին խոսում են Տոյվո Կլարան, նրա ղեկավարներն ու գործընկերները: Հետևաբար, նրանց առաջ պետք է դնել պատասխանատվությունը այնպիսի դեպքերում, որոնք ուղիղ առնչվում են այդ արժեքների ոտնահարմանը»: