ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 24-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակն օտարերկրացիներին կացության կարգավիճակների տրամադրման գործընթացի ամբողջական վարչարարության թվայնացումն է:
Զեկուցողը նշել է, որ առաջարկվում է ունենալ երկու տեսակի՝ ժամանակավոր եւ մշտական կացության կարգավիճակ: Առաջարկվող հաջորդ կարգավորումն առնչվում է աշխատանքային միգրացիոն հոսքերի կարգավորմանը. առաջարկվում է ներդնել քվոտային համակարգ: Յուրաքանչյուր տարի Կառավարությունը կսահմանի կացության կարգավիճակի ստացման չափաքանակը՝ ըստ տեսակի եւ հիմքի: Օրենքի նախագծով վերանայվել են նաեւ գործող պետական տուրքերի չափերը: Մասնավորապես, առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու, ներառյալ` կացության քարտ տալու համար սահմանել 150 հազար դրամ պետական տուրք՝ գործող 105 հազար դրամի փոխարեն, իսկ մշտական կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու, ներառյալ` կացության քարտ տալու համար՝ 250 հազար դրամ՝ 140 հազար դրամի փոխարեն:
«Գործնականում այս փոփոխություններն էականորեն կդյուրացնեն մեր երկրում օտարերկրացիների հետ իրականացվող վարչարարությունը՝ ամբողջությամբ այն տեղափոխելով թվային տիրույթ: Դա նաեւ էականորեն կնպաստի վարչական մարմինների կողմից վարչարարության արագ իրականացմանը»,- նշել է Արմեն Ղազարյանը:
Փոխնախարարը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին: Նա տեղեկացրել է նաեւ, որ Հայաստանում 2024 թվականին բոլոր տեսակի կացության կարգավիճակ ստացողների թիվը կազմում է 12.491 քաղաքացի: Այստեղ գերակշիռ մաս են կազմում Ռուսաստանի, այնուհետեւ Հնդկաստանի, Իրանի, Վրաստանի, Սիրիայի, Ուկրաինայի եւ այլ երկրների քաղաքացիներ:
Հարակից զեկուցող, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն առաջարկել է կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության օրենսդրական նախագծին: Օրենքների նախագծերի փաթեթն առաջարկվել է ներառել առաջիկա ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում: