Հասարակություն

Մանկատան քանի շրջանավարտ է բնակարանի գնման վկայական ստացել

Մանկատան 187 շրջանավարտ բնակարանի գնման վկայականի միջոցով ֆինանսական աջակցություն է ստացել. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ըստ գերատեսչության՝ կառավարության 2019թ. նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշմամբ սահմանված բնակարանի գնման վկայագիր է հատկացվել 2021թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի մանկատան շրջանավարտ հանդիսացող անձանց և 18 տարին լրացած, Հայաստանի մանկատանն առնվազն 7 տարի խնամք և դաստիարակություն ստացած սաներին:

«Որոշման շրջանակում ԲԳՎ-ի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք է տրվել 187 մանկատան շրջանավարտի, որից՝ 2020թ․՝ 137 շրջանավարտի, 2021թ.՝ 6, 2022թ.՝ 42, 2023թ.՝ 1, 2024թ.՝ 1»։

Սոցհարցերի նախարարությունից հավելել են, որ 22.07.2023 N 1007-Ն որոշման շրջանակում մանկատներում խնամք ստացած, 2023թ․ հունվարի 1-ին կամ դրանից հետո 18 տարին լրանալու հիմքով դուրս գրված, ՀՀ քաղաքացի հանդիսացող մանկատան շրջանավարտներին տրամադրվում են դրամական աջակցություն և բնակելի տարածության վարձակալության համար ամսական վարձավճար:

«Դրամական աջակցությունը և բնակելի տարածության վարձակալության նպատակով ամսական վարձավճարը տրամադրվում են շահառուների անկախ կյանքի ապահովմանն աջակցելու նպատակով՝ ամսական պարբերականությամբ, ընդհանուր առմամբ՝ 12 ամիս տևողությամբ։ Դրամական աջակցության ամսական չափը սահմանվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարի չափով (75.000 դրամ), իսկ վարձավճարի հատուցման ամսական չափը՝ 100.000 դրամ»:

Գերատեսչությունից նաև պարզաբանել են, որ նախարարության կողմից իրականացվում է սոցիալական բնակարանային ծրագիր՝ բնակելի տարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց համար, որոնց ցանկը, ինչպես նաև այդ անձանց (ընտանիքներին) հաշվառելու, կացարան տրամադրելու կարգը հաստատվել են ՀՀ կառավարության 10.09.2015 թ. N 1069-Ն որոշմամբ:

«Որոշման համաձայն` բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին են դասվում սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն չունեցող, ինքնասպասարկման ապահովման ունակություն ունեցող, ժամանակավոր կացարանում կամ հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող անձինք (խմբերը), այդ թվում՝ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասվող անձինք (վերջիններիս կացարան է տրամադրվում 10 տարի ժամկետով)»:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում գործող շուրջօրյա խնամքի հաստատություններում 592 շահառու կա։

Հայկ Մագոյան