Նոյեմբերի 6-8-ը Մոնտենեգրոյում ընթացող Աղետների ռիսկի նվազեցման Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 2024 թվականի տարածաշրջանային պլատֆորմի շրջանակում ելույթով հանդես է եկել ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Ելույթի տեքստն ամբողջությամբ՝ ստորև․
«Ձե՛րդ գերազանցություններ, հարգելի՛ պատվիրակներ,
Հայաստանի կառավարության անունից պատիվ ունեմ մասնակցելու այս կարևոր երկխոսությանը՝ աղետների ռիսկի նվազեցման 2024 թվականի տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում: Ռիսկերի արագ փոփոխվող լանդշաֆտը համապարփակ, ներառական և կայուն ջանքեր է պահանջում՝ արձագանքելու ինչպես նոր, այնպես էլ առաջացող ռիսկերին՝ միևնույն ժամանակ շարունակելով մեղմացնել խոցելիության երկարատև գործոնները:
Մենք ընդունում ենք, որ խոցելի խմբերի լիարժեք մասնակցության ապահովումը կարևոր նշանակություն ունի դիմակայուն հասարակության ստեղծման համար: Այս նպատակին հասնելու համար 2023 թ. հոկտեմբերին հաստատված աղետների ռիսկի կառավարման մեր նոր ռազմավարության մեջ մեծ ուշադրություն է դարձվում ներառական կառավարմանը: Ազգային քաղաքականությունը հատուկ մշակված է ԱՌՆ գործընթացների յուրաքանչյուր փուլում կանանց, երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց ընդգրկելու համար՝ սկսած ռիսկերի գնահատումից մինչև քաղաքականության մշակում և իրականացում:
Լավագույն փորձը ներառում է տեղական ռիսկերի նվազեցման նախաձեռնությունների խթանում, որոնք արտացոլում են այդ խոցելի խմբերի շահերը: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ համագործակցության շնորհիվ մենք իրականացնում ենք կարողությունների զարգացման և վերապատրաստման նպատակային նախաձեռնություններ՝ ապահովելով, որ այդ խմբերը ոչ միայն ներգրավված լինեն, այլև ակտիվորեն մասնակցեն որոշումների կայացման գործընթացին:
Հայաստանում տեղի ունեցած վերջին բնական աղետները շեշտեցին բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավման խիստ անհրաժեշտությունը: Մասնավորապես, 2024 թ. մայիսին Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած հանկարծակի ջրհեղեղները աղետների ռիսկի կառավարման ազգային և միջազգային միջոցառումներին զուգահեռ՝ կարևորեցին տեղական համայնքների և խոցելի խմբերի ներգրավվածությունը պատրաստվածության և արձագանքման ջանքերում: Մենք նաև բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի կառույցների ներգրավումն ու աջակցությունը հետաղետային կարիքների գնահատման գործընթացում։
Այս փորձը ձևավորել է մեր ընթացիկ քաղաքականությունը՝ ապահովելով ԱՌՆ ռազմավարությունների ապակենտրոնացում և համայնքային կողմնորոշում: Կայունության բարձրացումը չի կարող իրականացվել վերևից ներքև սկզբունքով. այն պետք է արտացոլի բնական աղետների հետևանքների դեմ պայքարի առաջնագծում գտնվողների գիտելիքները, կարիքներն ու հնարավորությունները: Սա հանգեցրել է բարեփոխումների, որոնք պետք է ամրապնդեն տեղական կառավարման կառույցները և ընդլայնեն համագործակցությունը պետական կառույցների և ոչ պետական շահագրգիռ կողմերի միջև, ինչպիսիք են տեղական հասարակական կազմակերպությունները և համայնքային ղեկավարները՝ ապահովելով աղետների դեմ պայքարի մեր համակարգերի ավելի ընդգրկուն և հարմարվողական բնույթը:
Տեղական համայնքների գիտելիքների օգտագործումը աղետների ռիսկի նվազեցման և կլիմայի փոփոխության հարմարվողականության նկատմամբ մեր մոտեցման առանցքային տարրն է:
Հայաստանի գյուղական բնակավայրերում տեղական պրակտիկաները, ինչպիսիք են ջրային ռեսուրսների կառավարման ավանդական համակարգերը և հողօգտագործման մեթոդները, անգնահատելի աղբյուր են էկոլոգիական ռիսկերի և խոցելիությունների ըմբռնման համար: Քաղաքային զարգացման մեջ շոշափելի արդյունքների հասնելու և ռիսկերը հաշվի առնող վարքագիծը փոխելու, տնտեսությունը կլիմայի փոփոխությանը հարմարեցնելու և կենսունակ հասարակության զարգացման համար անվտանգ միջավայր ստեղծելու համար չափազանց կարևոր է բազմակողմ մոտեցումը, որը հաշվի է առնվում օրենսդրական դաշտի նոր փոփոխություններում:
Մասնավոր հատվածի ներգրավումը ԱՌՆ համապարփակ ռազմավարության կարևոր մասն է: Մասնավոր հատվածը վերահսկում է կարևոր ենթակառուցվածքներ, մատակարարման շղթաներ և ռեսուրսներ, ինչն անհրաժեշտ է դարձնում աղետներին արդյունավետ պատրաստվածության և արձագանքման մեջ նրա մասնակցությունը: Մենք գտնվում ենք համայնքային կամավոր կազմակերպությունների առաջխաղացման մեխանիզմների նորոգման գործընթացում՝ տեղական բնակչության մասնակցությունն ավելի լավ իրականացնելու համար:
Բացի այդ,րթակները գրավում են նաև երիտասարդներին և երեխաներին, ովքեր հետաքրքրված են ռոբոտաշինությամբ, արհեստական բանականությամբ և այլ տեխնոլոգիաներով, ինչը ոչ միայն օգնում է համապատասխանեցնել պետական և մասնավոր շահերը, այլև թույլ է տալիս գործարարությանն ակտիվ դեր ունենալ դիմակայուն համայնքներ ստեղծելու մեջ»: