Քաղաքագետ Արման Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել դեմագոգների կարևորագույն զենքերից մեկի վրա։ Երբ գոյություն է ունենում որևէ խնդիր, որը լավ լուծում չունի, ունի կամ շատ ցավոտ ու ոչ պոպուլյար լուծում, կամ աղետի հանգեցնելու մեծ պոտենցիալ, եթե էդ լուծումը մերժվի ու փորձ արվի ստատուս քվոն պահել, դեմագոգները, որոնց ընդհանրապես լուծումները չեն հետաքրքրում, և որոնք զբաղված են կամ ինչ-որ շահեր սպասարկելով կամ էժան հեղինակություն փնտրելով, երբեք, ոչ մի պարագայում ցավոտ, չարյաց փոքրագույն լուծման տրամաբանության հետ վեճի մեջ չեն մտնում, երբեք բացահայտ չեն ասում, թե իրենք ինչ են առաջարկում էդ ցավոտ լուծման փոխարեն։ Նրանք ընդհանրապես բովանդակային որևէ խոսակցության մեջ չեն ներքաշվում։ Նրանք սարկաստիկ տոնով անդադար, պատվիրատուների պահանջած հաճախականությամբ բացականչելու են` «ժողովու՛րդ, պատկերացնու՞մ եք՝ սրանք ինչ զարհուրելի ու հիմար բան են առաջարկում, ախր մենք ո՞նց կարող ենք էդ տեսակ բան առաջարկելուց հետո դրանց լուրջ ընդունել»։
Կամ եթե էդ լուծում առաջարկողներից որևէ մեկն ինչ-որ այլ թեմայի մասին տեսակետ է հայտնում, անմիջապես հետևում է հանճարեղ դեդուկցիան. «էսինչն էդ բանն ասում է, որովհետև փորացավը մեզ դեպի էդ կործանարար լուծում տանելն է»։ Կամ երբ բաց տեքստով ասում ես, որ առաջարկածդ հենց դա է, իրենք դա ներկայացնում են որպես իրենց դեդուկցիա ու նորից բացականչում. «բայց դուք պատկերացնու՞մ եք...»։ Հետո նրանց սոցցանցային օգտահաշիվների տակ իրենց համախոհ դեմագոգներն սկսում են իրար պասեր տալ ու բաց դարպասներին գոլեր խփել՝ «բայց, այ ցավդ տանեմ, դու դրանցից դեռ ուրիշ բա՞ն էիր սպասում; այ դրա համար էլ ես դրանց երբեք չեմ վստահել; դրա համար էլ դրանք երբևէ չեն կարող իշխանության հավակնել ու փառք աստծո...»։
Ու էդ ընթացքում երբեք, ոչ մի պարագայում չի արվում երկու բան.
1) առաջարկված ցավոտ լուծման առարկայական, բովանդակային, լուրջ քննադատություն;
2) իրական այլընտրանքի առաջարկ ու բացատրություն, թե ինչու են կարծում, որ էդ այլընտրանքը գոյություն ունի, երբ իրականում այն գոյություն չունի, ինչն էլ հենց պատճառն է, որ ցավոտ լուծում առաջարկողներն էդ ցավոտ լուծումն առաջարկել են։
Դեմագոգները բնության ամենաստոր արտադրանքն են»։