Հասարակություն

Դառնա՞լ, թե՞ չդառնալ ՀՀ քաղաքացի. ինչու են երկմտում արցախահայերը

2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ամբողջ երկայնքով լայնամասշտաբ հարձակում սկսեց, ինչի հետևանքով 223 զոհ եղավ։ Ռազմական գործողությունները դադարեցին սեպտեմբերի 20-ին, երբ ԼՂ իշխանություններն ընդունեցին զենքերը վայր դնելու՝ Ադրբեջանի առաջարկը։ Այնուհետև Բաքուն հրապարակեց ԼՂ հայ բնակչության ինտեգրացիայի ծրագիր՝ հայտարարելով ԼՂ ներկայացուցիչների հետ հանդիպման նախապատրաստման մասին։ Եվլախում սեպտեմբերի 21-ի հանդիպումից մեկ շաբաթ անց ԼՂ 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրեց հրամանագիր՝ 2024-ի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ։ Այս դեպքերին հաջորդեց արցախահայերի բռնի տեղահանումը. ավելի քան 100 հազար մարդ գաղթեց Հայաստան։

Փախստականի կագավիճակի հիմքը

Նախ հասկանանք՝ ինչ հիմքով են ԼՂ-ից տեղահանվածները Հայաստանում ստացել փախստականի կարգավիճակ։

2023թ. հոկտեմբերի 26-ին Հայաստանի կառավարության 1864-Ն որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցվեց, այսինքն, փախստականի կարգավիճակ տրվեց ԼՂ-ի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձանց, Հայաստանի տարածքում կամ դրանից դուրս գտնվող այն անձանց, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ-ում, ինչպես նաև այն անձանց, ովքեր չեն ունեցել հաշվառում ԼՂ բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ-ում և 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են Հայաստանի ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության  ծառայության կողմից։

ԼՂ-ից բռնի տեղահանված 115․359 անձի տրվել է ժամանակավոր պաշտպանություն՝ փախստականի կարգավիճակ, համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին համակարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումները կամ հասարակական կարգը խախտող լուրջ իրադարձությունների հիմքով։

Արդյո՞ք ԼՂ-ից տեղահանված որոշ անձինք կարող են լինել Հայաստանի քաղաքացիներ

1995 թ. նոյեմբերի 28-ին երբ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքն ընդունվել և ուժի մեջ է մտել Հայաստանի քաղաքացիներ են ճանաչվել՝

  • Հայասանում մշտապես բնակվող նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, ովքեր մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը՝ 13.07.1995թ., ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն կամ հրաժարվել են դրանից՝ սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում։
  • Հայաստանից դուրս բնակվող ծագումով հայ նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն մինչև 28.11.1995 թ.։

Ուստի, ԼՂ-ից տեղահանված անձինք, ովքեր չեն հանդիսացել նախկին ՀԽՍՀ քաղաքացիներ, անկախ Հայաստանում բնակվելու հանգամանքից չէին կարող հանդիսանալ ՀՀ քաղաքացիներ։

Ինչու՞ Հայաստանի անձնագիր ունեցող ԼՂ հայ բնակչությունը չի համարվում Հայաստանի քաղաքացի

ԼՂ-ից բռնի տեղահանված հայ բնակչությանը կողմից առավել հաճախ տրվող հարցերից է, թե ինչպես է ստացվում, որ ունենալով ՀՀ անձնագիր՝ չեն համարվում Հայաստանի քաղաքացի։

Նշենք, որ 1999թ. փետրվարի 24-ին Հայաստանի և ԼՂ-ի միջև ստորագրված համաձայնագրով ԼՂ բնակչությանը տրվել է ՀՀ անձնագիր՝ ճամփորդության նպատակով, բայց ոչ քաղաքացիություն։ Ըստ այդմ, 070 կոդով անձնագիր ունեցող և ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք չեն համարվում Հայաստանի քաղաքացիներ։

Համաձայնագիրն ասում է․ «Կողմերը համաձայնում են, որ իրենց քաղաքացիներն ունեն ազատ տեղաշարժի և բնակության իրավունք կողմերից յուրաքանչյուրի տարածքում: Սույն համաձայնագրի շրջանակներում, քանի դեռ ԼՂՀ-ն միջազգայնորեն ճանաչված չէ, ԼՂՀ քաղաքացիները, ովքեր ցանկանում են լքել ԼՂՀ կամ Հայաստանի տարածքը, կարող են դիմել և ստանալ հայկական անձնագիր։ Կողմերը համաձայն են, որ սույն հոդվածի շրջանակներում ԼՂՀ քաղաքացիների կողմից հայկական անձնագիր ստանալը նրանց Հայաստանի քաղաքացիություն չի շնորհում: Այդ անձնագրերը կարող են օգտագործվել միայն ԼՂՀ քաղաքացիների կողմից՝ Հայաստանի և ԼՂՀ տարածքներից դուրս ճանապարհորդելու համար, և չեն կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որպես անձը հաստատող փաստաթուղթ, ներքին օգտագործման համար»։

Փախստականի և Հայաստանի քաղաքացի լինելու տարբերությունը 

«Ի տարբերություն փախստականի՝ ՀՀ քաղաքացին ունի ընտրելու և, որոշակի պայմաններին բավարարելու դեպքում, ընտրվելու իրավունք։ Սա է հիմնարար տարբերությունը։ Փախստականը կարող է մասնակցել ՏԻՄ ընտրություններին՝ տվյալ համայնքում 1 տարի հաշվառվելուց հետո, իսկ համապետական ընտրություններին մասնակցելու իրավունք չունի»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ ՄՔԾ պետ Արմեն Ղազարյանը։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձագետ Սերգեյ Ղազարյանն էլ Radar Armenia-ին պարզաբանեց, որ քաղաքացիությունը պետության և անձի միջև կայուն իրավական կապն է, որտեղ պետությունն ավելի լայն հայեցողություն ունի՝ որոշելու դրա տրամադրումը և սահմանափակված է բառացապես ապաքաղաքացիության սկզբունքների շրջանակում․ «Փախստականի կարգավիճակի պարագայում պետությունն ունի ավելի բարձր պարտավորություն, այդ թվում՝ մարդու իրավունքների տեսանկյունից, որովհետև պետք է կշեռքի մյուս նժարին դիտարկել այդ անձանց անվտանգությունը, կյանքը, առողջությունը...»,- ասաց նա։

Փաստաթղթերի վերականգնման առնչությամբ ինչպիսի՞ խնդիրների են բախվում բռնի տեղահանված անձինք

Արմինե Հայրապետյանը ԼՂ-ից բռնի տեղահանվածներից է։ ԼՂ-ում ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրի պահպանություն» պետական հիմնարկի տնօրենն է եղել։ Բռնի տեղահանման ժամանակ հասցրել է փաստաթղթերի մի մասը վերցնել։

«Շուրջ 45 ժամ տևեց գաղթի ճանապարհը։ Երկու անչափահաս երեխաներիս հետ դժվարությամբ հասանք Կոռնիձոր. հերթում սպասող շատ մարդ կար։ Մեզ հորդորեցին Վայք գնալ և այնտեղ գրանցվել, քանի որ Գորիսում նույնպես ծանրաբեռնված էր։ Վայք հասնելուն պես ՆԳՆ միգրացիայի ծառայության ներկայացուցիչները գրանցեցին մեզ»,- Radar Armenia-ի հետ զրույցում պատմեց տիկին Արմինեն՝ նշելով, որ չի կարողացել ԼՂ-ից իր հետ բերել ծննդյան վկայականը, դիպլոմը, ատեստատի կրկնօրինակը․

«Ճիշտ է՝ երկրից գնալու ցանկություն չունեմ, բայց այլ երկիր գնալու համար, անձնագրից բացի, ատեստատի կրկնօրինակն էլ է պետք։ Ծննդյան վկայականի վերականգնման հետ կապված բյուրոկրատական քաշքշուկներ կան։ Դրանցից վախենալով՝ դեռ չեմ դիմել։ Ասում են՝ ծննդյան վկայական ստանալու համար միայն անձնագիրը բավարար չէ։ Պետք է տանել ծնողների ծննդյան վկայականները։ Այս պարագայում ինձ մոտ խնդիր կա. ծնողներիցս մեկի ծննդյան վկայականը չկա, մյուսն էլ մահացած է։ Մահվան վկայական էլ չունեմ։ Ղարաբաղցիներից մեկի ասելով՝ պահանջել են շիրմաքարի նկարը»,- պատմում է տիկին Արմինեն։

Արդարադատության նախարարությունից վերը նշված հարցերի առնչությամբ, հղում անելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 70 և 71-րդ հոդվածներին, պարզաբանել են, որ 2023թ․ նոյեմբերի 22-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից արդարադատության նախարարությանն է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից իրականացված ՔԿԱԳ գրանցամատյանների փաստաթղթային արխիվի մի մասը, որի հիման վրա, ՔԿԱԳ ոլորտը կարգավորող օրենքի համաձայն, ԱՆ ՔԿԱԳ գործակալության կողմից իրականացվում են Լեռնային Ղարաբաղի ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից իրականացված քաղաքացիական կացության ակտային գրանցումների վերականգնման աշխատանքներ՝ անձանց տրամադրելով ՔԿԱԳ վկայականներ:

«Լեռնային Ղարաբաղի ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից իրականացված ՔԿԱԳ գրանցամատյանների փաստաթղթային արխիվում հիմքային փաստաթղթերի, ինչպես նաև ՔԿԱԳ ոլորտը կարգավորող օրենքով նախատեսված փաստաթղթերի բացակայության պայմաններում Լեռնային Ղարաբաղի հաշվառում ունեցող անձանց տրամադրվում են քաղաքացիական կացության ակտային գրանցման վերականգնումը մերժելու մասին որոշումներ: Մերժման որոշումը ստանալուց հետո անհրաժեշտ է իրավաբանական փաստի հաստատում, որից հետո հնարավոր կլինի տրամադրել ՔԿԱԳ համապատասխան վկայական»,- նշված է պարզաբանման մեջ:

Անդրադառնալով ծննդի ակտային գրանցման վերականգնում իրականացնելու համար շիրմաքարի նկարը պահանջելուն՝ գերատեսչությունից հայտնել են, որ ՔԿԱԳ վերականգնման գործառույթ իրականացնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկում նման հիմք սահմանված չէ, ուստի ՔԿԱԳ գործակալության կողմից նման պահանջ չի ներկայացվում:

Դիպլոմի, ատեստատի վերականգման մասով էլ  ԿԳՄՍ նախարարությունից Radar Armenia-ին հայտնեցին, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրված պետական նմուշի ավարտական փաստաթղթերի կրկնօրինակը տրամադրվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ անձի կամ նրա լիազորված ներկայացուցչի (նոտարական վավերացմամբ հաստատված) դիմումի հիման վրա՝ արխիվային հիմքերի առկայության դեպքում: Ավարտական փաստաթղթի վերականգնման համար անձը կամ նրա լիազորված ներկայացուցիչը ԿԳՄՍ նախարարություն պետք է ներկայացնեն դիմում, որում առկա է մանրամասն արխիվային տեղեկատվություն, ինչպես նաև անձնագրի, դիպլոմի (եթե առկա է) պատճենները և նոտարական վավերացմամբ լիազորագիր, եթե դիմողը լիազորված անձն է: 

Ինչու՞ են ԼՂ-ից տեղահանվածները խուսափում Հայաստանի քաղաքացիություն ստանալ, ի՞նչ մտահոգություններ ունեն 

Տիկին Արմինեն Հայաստանում շարունակում է իր մասնագիտական գործով զբաղվել՝ ԿԳՄՍ նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում է աշխատում։ Փախստականի կարգավիճակ ունի։ Ստանա՞լ քաղաքացիություն թե՞ ոչ. դեռ մտածում է.

«Տեղեկացվածության խնդիր կա։ Շատերը նյութականի հետ են կապում արցախցիների՝ քաղաքացիությունից հրաժարվելը, բայց հավատացնում եմ, որ մեծ մասի մոտ ինքնության կորստի խնդիրն է, որ մտածում ենք՝ եթե ՀՀ քաղաքացիություն ստանան, կկորցնենք մեր իրավունքները Արցախի նկատմամբ։ Մի օր, գուցե, միջազգային դատարան ենք դիմում, և մտավախություն ունենք, որ արդեն, լինելով ՀՀ քաղաքացի, ԼՂ-ի հետ կապված մեր դիմումը չի ընդունվի։ Պետք է մտածեմ. եթե ԼՂ-ից տեղահանված լինելը, ապա՝ Հայաստանում ապրելու հանգամանքը չի խանգարելու, որ ապացուցեմ բնիկ արցախցի լինելս, կդառնամ ՀՀ քաղաքացի։ Շատերի մոտ այն մտայնությունն է, որ Արցախի հարցը փակելու համար են մեզ շտապ քաղաքացիություն տալիս՝ «չկա մարդ, չկա խնդիր» տրամաբանությամբ»։

Արդյոք ՀՀ քաղաքացիություն ստանալով կորցնում են վերադարձի իրավունքը։ Բռնի տեղահանված լինելու փաստն անհետանու՞մ է 

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ վստահեցրեց, որ Հայաստանի քաղաքացի դառնալը վերադարձի իրավունքի վրա չի ազդում։

Ինչ վերաբերում է տեղահանված լինելու հանգամանքը վերանալու վերաբերյալ արցախահայերի մտահոգությանը՝ նշենք, որ Հայաստանի կառավարության 1864-Ն որոշմամբ ամրագրված է բռնի տեղահանված լինելը և այդ հիմքով փախստականի կարգավիճակ տալու փաստը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 17-ին Կառավարության որոշմամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պաշտպանության կարգավիճակը երկարաձգվել է։ «ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կարգավիճակը երկարաձգվել է ևս մեկ տարով՝ մինչև 2025 թ․ դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։

Հայստան մուտք գործելու համար ժամանակավոր պաշտպանության վկայական այլևս չի պահանջվի, բավական է ունենալ «070» ծածկագրով անձնագիր։ Մինչդեռ Հայաստանից ելքի համար տեղահանաված անձը պարտադիր պետք է ունենա վավեր ժամանակավոր պաշտպանության վկայական և վավեր անձնագիր»։

Հայկ Մագոյան