Հասարակություն

Հայաստանը ստանձնել է MNRA–ի նախագահությունը

Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի նախագահությունը ստանձնեց Հայաստանը, ի դեմս Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի։

Հոկտեմբերի 8-9-ը Երևանում տեղի ունեցավ Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի (Mediterranean Network of Regulatory Authorities՝ MNRA) 23–րդ տարեկան համաժողովը, որի առանցքային թեմաներն էին՝ արհեստական բանականության կիրառումը, տեսալսողական հարթակների կարգավորման սկզբունքները, ռադիոյի ներկան ու ապագան։

Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակը միավորում է անկախ կարգավորող մարմինների` 24 երկրներից։ Այն համագործակցության ցանց է՝ բաց քննարկումների, տեսալսողական բովանդակության կարգավորման լավագույն փորձի փոխանակման, համատեղ հետազոտությունների և մարտահրավերներին ժամանակին արձագանքելու համար:

Այս տարի, Երևանում, MNRA–ի համաժողովին մասնակցեցին կարգավորող մարմինների ներկայացուցիչներ 18 երկրներից։ Նրանք ծանոթացան ՅՈՒՆԵՍԿՈ-ի թվային հարթակների կառավարման սկզբունքների նոր ուղեցույցի հետ, քննարկեցին արհեստական բանականության հնարավորությունները կարգավորողների աշխատանքներում, ռադիոյի անխուսափելիորեն թվայնացվող ճանապարհը։

ՅՈՒՆԵՍԿՈ-ի Խոսքի ազատության և լրագրողների անվտանգության բաժնի ծրագրերի մասնագետ Միկել Ագիռե Իդիակեսը անցկացրեց աշխատարան՝ ուղեցույցի սկզբունքների տեղայնացման վերաբերյալ։ Նա շեշտեց, որ տարիներ առաջ ինտերնետը թվում էր դեմոկրատացման գործիք, հետո այն վերածվեց տոքսիկ միջավայրի, իսկ հիմա
ավելի շուտ դիտարկվում է որպես զենք։ Եվ այդ պատճառով խարխլվում է ազատ արտահայտման հիմնարար սկզբունքը։

Iberoamerica աուդիովիզուալ կարգավորողների պլատֆորմի (PRAI) գործադիր քարտուղար Մոնիկա Դյուրան Ռուիսը ներկայացրեց տարվա ընթացքում կատարած իրենց հետազոտությունները՝ գենդերային հարցերը մեդիայում և մեդիագրագիտության տարածման պահանջը։ Նրա կարծիքով՝ տեսալսողական դաշտի կարգավորումների ընդլայնումը լուծում չէ, եթե չի ուղեկցվում մեդիագրագիտության մակարդակի աճով։

Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի նորընտիր նախագահ դառնալով՝ Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ակնկալում է արդյունավետ համագործակցություն տարբեր ձևաչափերով։

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի կարծիքով՝ հատկապես մեծ ուշադրություն պետք է դարձնել ապատեղեկատվությանն ու ատելության խոսքին դիմակայելու համատեղ ծրագրերի վրա։

Երևանում նաև տեղի ունեցավ Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի փոխնագահող երկրի ընտրությունը։ Փոխնագահող դարձավ Կոսովոյի Անկախ Մեդիայի Հանձնաժողովը։