Սեպտեմբերի 26-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքներ, հայտնաբերել են սեպտեմբերի 24-ին Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկի հարևանությամբ գտնվող Կոմիտասի 46 շենքի բակում Honda Kona, BMW X6 և Opel մակնիշի ավտոմեքենաները հրկիզողին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Արաբկիրի ոստիկանները 30-ից ավելի հասցեներում են գտնվել, իրականացրել են մի քանի օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, ինչի շնորհիվ էլ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 23-ամյա Գուրգեն Տոնականյանը:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները 10-ից ավելի վայրեր են մեկնել և այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Ադոնցի փողոցում հայտնաբերում են Տոնականյանին և գույքի դիտավորյալ վնասման անմիջական ծագած կասկածանքով ձերբակալել։
Աղբյուրի տեղեկություններով՝ նա խոստովանել է արարքը, Արաբկիրի ոստիկաններն էլ օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նա այդ արարքը կատարել է պատվիրատուի կողմից իրեն գումար տալուց հետո: Պարզվել է նաև պատվիրատուի ինքնությունը:
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չեն հրապարակվում, սակայն թիրախում էր Honda մակնիշի ավտոմեքենան, որի սեփականատերը համացանցում հայտնի տիկտոկեր 45-ամյա Հասմիկ Կ.-ն է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 24-ին Վրացական փողոցում մեքենաներ են այրվել։ Նախաձեռնվել էր քրվարույթ։