Հասարակություն

«Ցավոք սրտի, իմ բողոքն ընթացք չի ստացել». Ա․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է 2022թ. հունիսի 8-ին երեք ընդդիմադիր պատգամավորների կողմից իր աշխատասենյակ ներխուժելու դեպքին։

Լրագրողները հիշեցրել են, որ այդ իրադարձություններից հետո դիմում էր ուղարկվել ԱԺ՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու և նրանց վարքը քննելու համար. «Ցավոք սրտի, այդ դեպքի հետ կապված որևէ գործընթաց չիրականացվեց, և իմ ներկայացրած բողոքին ընթացք չտրվեց»։

Նախարարը նշել է, որ լուրերից է տեղեկացել, որ ԱԺ-ում էթիկայի հանձնաժողով է ստեղծվում. «Հույս ունեմ՝ այդ փոփոխությունները հնարավորություն կտան, որ նման դեպքերը հստակ քննվեն, պատժվեն, ու հաջորդիվ նման դեպքեր չլինեն»։

Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանն ու Աննա Մկրտչյանը 2022թ․ այս օրերին ներխուժել էին նախարարի աշխատասենյակ, գոռգոռացել, պատռել և նախարարի ուղղությամբ շպրտել զոհված զինծառայողների նկարները։

Ավելի վաղ Ավանեսյանը հայտնել էր, թե իրեն ԱԺ-ից վստահեցրել են, որ «էթիկայի հանձնաժողով ձևավորելու աշխատանքներն ընթանում են, միանշանակ քննություն լինելու է այս միջադեպի հետ կապված»։