Նոր Արեշում պայթյունի և փլուզումի հետևանքով կա երկու զոհ։
Փլատակների տակից դուրս է բերվել որոնվող երկու քաղաքացու դի՝ կին և տղամարդ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանից։
Մինչ այդ, քաղաքացիներից մեկը՝ Թամար Մանուկյանը դեպքի վայրում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, թե իմանալով պայթյունի մասին, զանգահարել է իր բարեկամին՝ տալին, բայց հեռախոսն անհասանելի է եղել, իսկ նրա ամուսնու հեռախոսին զանգերը մնացել են անպատասխան. «53 տարեկան տալս է, ամուսինն էլ՝ 37, 38-ի մեջ... Լուրերով տեսա՝ տալիս տան մուտքն է, վազելով եկանք»։ Նրա խոսքով, ամուսինները «հաստատ տանն են եղել, այդ ժամին դուրս չէր գա տալը, քանի որ գիշերը աշխատանքի էր»:
Հիշեցնենք՝ այսօր ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն: Ավելի վաղ փլատակների տակից դուրս էր բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել էին։