Հասարակություն

Գևորգ Սիմոնյանի խափանման միջոցը բեկանելու վերաբերյալ վճռաբեկ բողոք է ներկայացվել

ՀՀ գլխավոր դատախազությունն առողջապահության նախարարի նախկին տեղակալ, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշման դեմ հատուկ վերանայման վճռաբեկ բողոք է ներկայացրել. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Գևորգ Սիմոնյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշումը բեկանելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2023 թվականի ապրիլի 27-ի որոշման դեմ 2023 թվականի մայիսի 18-ին ներկայացվել է հատուկ վերանայման բողոք՝ ստորադաս դատարանի կողմից քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ տալու հիմքով:

Ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու վերաբերյալ որոշում դեռևս ՀՀ գլխավոր դատախազությունում չի ստացվել»,- հայտնեցին դատախազությունից։

Հիշեցնենք, ապրիլի 27-ին Վերաքննիչ դատարանը վերացրել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Դատարանի որոշմամբ կալանքի համար անհրաժեշտ հիմնարար կասկածի շեմը համարվել է չհաղթահարված։

ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Սիմոնյանը կալանավորվել էր քովիդի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով։

Հայկ Մագոյան