Այսօր Ազգային ժողովում 2022թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն անդրադարձավ ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական բաժանմունքի պետին քրեական պատասխանատվության չենթարկելու հանգամանքին։
Հիշեցնենք՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետ Արսեն Ղայթմազյանը ծեծի է ենթարկել հյուրանոցի անչափահաս մատուցողին։
Արգիշտի Քյարամյանը նշեց, որ հիշյալ անձը քրեական պատասխանատվությունից ազատվել է գործուն զղջալու հիմքով․ «Գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավասությունը ՔԿ-ի լիարզորությունների տիրույթից դուրս է, բայց, այնուամենայնիվ, որպեսզի պարզ լինեի, կուզեմ ներկայացնել ՔԿ-ի ու անձամբ իմ մոտեցումը նման երևույթներին»,- ասաց Քյարամյանը՝ նշելով, որ մարզային քննիչն է միջնորդություն ներկայացրել։
Նա ընգծեց, որ դա քննչական կոմիտեի մոտեցումներին հակասող մոտեցում է. «Դա մենք չենք ընդունում, ու մեր ընդհանուր տրամաբանությունից դուրս է այն գաղափարը, որ այդ խրախուսական նորմը կարող է կիրառվել անչափահասների նկատմամբ ոտնձգություն իրականացնող անձանց նկատմամբ»։