Հասարակություն

Ինչու՞ է փոխվել բենզինի և հեղուկ գազի գինը

Վերջին օրերին հեղուկ գազի և բենզինի շուկայում նկատվում է գնաճ։ Հեղուկ գազը 100-110 դրամից դարձել է 120-130 դրամ, իսկ բենզինի ռեգուլյար տեսակը՝ 330-ից 350, ապա՝ 370 դրամ, պրեմիում տեսակը՝ 350-ից 370, ապա՝ 390 դրամ։

Ամիսներ առաջ, երբ հեղուկ գազի և բենզինի գները նվազեցին, մասնագետները դա բացատրեցին արտարժութի տատանումով՝ դոլարի և եվրոյի արժեզրկումով։ Որպեսզի հասկանանք, թե ինչով է պայմանավորված բենզինի ու հեղուկ գազի՝ 20-30 դրամով թանկացումը, երբ դոլարն ու եվրոն, կարելի է ասել, շարունակում են արժեզրկված մնալ, Radar Armenia-ն կապ հաստատեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

Տնտեսագետի կարծիքով՝ չի կարելի ասել, թե հեղուկ գազի շուկայում գնաճ կա, քանի որ դրա գինը տատանվում է 110-130 դրամի միջակայքում։ Ըստ նրա՝ գնային տատանումը կարող է պայմանավորված լինել անցած շաբաթ Լարսում առաջացած խնդիրների հետ, որի հետևանքով կարող է ինչ-որ խմբաքանակ ուշանալ. «Բացի այդ, ռուսական ռուբլին է արժեզրկվել, որի հետևանքով կարող էր իջնել գինը, եթե շուկան մրցակցային լիներ», - նկատում է մասնագետը։

Անդրադառնալով բենզինի գներին՝ Պարսյանն ասաց, որ, ցավոք սրտի, բենզինի դեպքում շուկայում մի քանի տնտեսվարող է գործում, և նրանք են վերահսկում գները շուկայում։

Հարցին՝ ստացվում է, որ բենզինի առուվաճառքով զբաղվող տնտեսվարողները կարող են առանց հիմնավորման բարձրացնել գինը, տնտեսագետը պատասխանե․ «Իհարկե, նույնիսկ նույն գինը պահելը կարող է մրցակցության խախտում լինել։ Մրցակցային շուկայի դեպքում, երբ ռուբլին արժեզրկվեր, գները կիջնեին»։

Հայկ Մագոյան