«Հայաստանի ծառատունկ» ծրագրի «Խաչփառ» տնկարանի պատասխանատու Գևորգ Զարոյանը, որպես Երևանի քաղաքապետարանում այս տարվա փետրվարի 23-ին տեղի ունեցած գիտական աշխատաժողովի մասնակից, Radar Armenia-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք ստորագրել և համաձայնություն են տվել, որ Երևանում կտրվեն կենսունակության ավարտին մոտ գտնվող (փտած, հիվանդ) և ինվազիվ տեսակի, ինչպես նաև ճանապարհային անվտանգությանն սպառնացող ներկայացնող ծառերը, որոնք կարող են ամենաթույլ քամուց անգամ կոտրվել և ընկնել։
«Գիտական առումով՝ Հայաստանի մայրաքաղաքում ցանկալի չէ, որ կենսունակության ավարտին մոտ գտնվող՝ փտած, հիվանդ ծառերը մնան։ Ոչ ֆունկցիոնալ ծառերը պետք է հատվեն կամ տեղափոխվեն մի ուրիշ տեղ։ Իմ տեղեկություններով՝ այն ծառերը, որոնց կյանքը տեղափոխության արդյունքում հնարավոր կլիներ փրկել, արդեն տեղափոխվել են», - նշեց Գևորգ Զարոյանը՝ հավելելով, որ գիտաժողովի ընթացքում քննարկվել են խնդրահարույց հարցեր, որից հետո ստորագրվել է արձանագրություն։
«Խաչփառ» տնկարանի պատասխանատուի խոսքով՝ քաղաքը միանգամից չեն «քաչալացնում»՝ հեռացնում են ծառը, տեղն անմիջապես տեղադրում նորը․ «Մի փողոց կար, որտեղ նախատեսված էր սակուրա ծառատեսակ տնկել, և դրա առաջին շարահարկը պետք է սոսիներ տնկվեն։ Այսինքն, սոսիները պետք է ստվեր ապահովեն։ Քաղաքը միանշանակ չի տուժելու այս նախագծի արդյունքում։ Իմ մասնագիտական կարծիքով՝ երբ ծրագիրն ամբողջությամբ իրականացվի, քաղաքը մի այլ գեղեցիկ տեսք կունենա։ Նորից եմ կրկնում՝ Երևանում իրավունք չունեն նման ծառեր լինեն։ Նախկինում ծառերի մշակման և խնամքի մեջ ահավոր սխալներ են եղել. ծառերը էտելուց ավիրել են։ Եվ դա կարող է լուրջ պատճառ հանդիսանալ, որ հիմա այդ ծառերը կտրվում են։ Եթե ճիշտ խնամք կատարվեր, այդ ծառերը չէին կտրվի»,- հավաստիացնում է մասնագետը։
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հրապարակել էր 2023թ. փետրվարի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գիտական աշխատաժողովի արձանագրությունը։
Հայկ Մագոյան