Երևան

Երևանում ծառերի փոխարինման գործընթացը տեղի է ունենում գիտական աշխատաժողովի որոշմամբ

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հրապարակել է 2023թ. փետրվարի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գիտական աշխատաժողովի արձանագրությունը։

Օրակարգի հարցը

Փաստաթղթից Radar Armenia-ն տեղեկացավ, որ օրակարգով քննարկվել է երկու կարևոր խնդիր՝ (1) Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով և (2) ինվազիվ ծառերի հեռացում։ 

Մասնակիցները արձանագրել են

  • Երևան քաղաքի կանաչապատման վիճակը բավարար չէ քաղաքային կանաչ տարածքների առողջացման և հետագա զարգացման համար ներկայացվող ժամանակակից չափանիշներին։
  • Երևանի կանաչ տնկարկները չեն կատարում էկոհամակարգային բավարար ծառայությունները։
  • Դեֆորմացված և/կամ կենսունակության ավարտին մոտ գտնվող ծառատեսակները կորցրել են ֆունկցիոնալ նշանակությունը։
  • Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները շատ դեպքերում ապահովում են քանակային ներկայություն՝ չիրականացնելով ֆունկցիոնալ նպատակներ։

Քննարկմանը մասնակցել են

  • Տիգրան Ավինյանը (Երևանի փոխքաղաքապետ),
  • Արմեն Բեգոյանը (ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրեն),
  • Արթուր Խալաթյանը (ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ),
  • Արծվի Գրիգորյանը (ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ, կ.գ.թ., դոցենտ),
  • Հասմիկ Խուրշուդյանը (ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի փորձագետ, կ.գ.թ., դոցենտ),
  • Արմենակ Տեր- Գրիգորյանը (ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի փորձագետ, գ.գ.թ., դոցենտ),
  • Մամիկոն Սահակյանը (ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանային վարչության պետ),
  • Գայանե Ներսիսյանը (կ.գ.թ), Գորիկ Ավետիսյանը (աշխ.գ.թ.),
  • Գագիկ Սանթրոսյանը (գ.գ.թ., դոցենտ),
  • Կարինե Սարգսյանը (կ.գ.թ., դոցենտ),
  • Արեգ Կարապետյանը (կ.գ.թ),
  • Ռուզաննա Սադոյանը (կ.գ.դ., պրոֆեսոր),
  • Սիրինե Շողերյանը (կ.գ.թ., դոցենտ),
  • Ժիրայր Վարդանյանը (կ.գ.դ., պրոֆեսոր),
  • Գեորգի Ֆայվուշը (կ.գ.դ., պրոֆեսոր),
  • Մանիկ Գրիգորյանը (կ.գ.թ),
  • Նելլի Մուրադյանը (կ.գ.թ),
  • Գևորգ Զարոյանը (Հայաստանի ծառատունկ ծրագիր, ATP),
  • Աննա Թադևոսյանը (կ.գ.թ),
  • Արիստակես Ղահրամանյանը (ՀՀ ԳԱԱ-ի հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ),
  • Հովիկ Սայադյանը (աշխ.գ.դ., պրոֆեսոր),
  • Մարինե Սարգսյանը (ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փոքր դրամաշնորհների ծրագրի օգնական),
  • Մերուժան Գալստյանը (գ.գ.դ., պրոֆեսոր),
  • Սևակ Բալոյանը (կ.գ.թ),
  • Մարիետա Ավետիսյանը (ՀՀ ՇՄՆ ԲՀՊՏ և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ)։

Առարկություններ և ռազմավարություն

Գիտական աշխատաժողովի մասնակիցները, ուսումնասիրելով Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից ներկայացված Երևան համայնքում նախատեսվող տունկին ենթակա ծառաթփատեսակների ցանկը, արձանագրել են, որ առաջարկվող ծառաթփատեսակների և դրանց պարտիզային ձևերի ընտրության վերաբերյալ առարկություններ չկան: Այսպիսով՝ գիտական հանրության ներկայացուցիչների կողմից հաստատվել է Երևան քաղաքում դեֆորմացված և կենսունակության ավարտին մոտ գտնվող և/կամ ինվազիվ ծառերի՝ առավել գեղազարդ և արժեքավոր ծառատեսակներով փոխարինման անհրաժեշտությունը՝ ֆունկցիոնալ, կայուն տնկարկների համալրման և զարգացման ռազամավարության շրջանակներում: Ռազմավարությունը հիմք է հանդիսանալու Երևան քաղաքում կանաչապատման կայուն գործընթացի համար, որն էլ իր հերթին պետք է նպաստի առկա կանաչ տնկարկների գիտականորեն հիմնավորված խնամքի իրականացմանը և ֆունկցիոնալ նշանակությամբ նորերի ստեղծմանը:

Գիտական աշխատաժողովի արդյունքում որոշվել է

  • աստիճանաբար իրականացնել ամբողջությամբ դեֆորմացված և կենսունակության ավարտին մոտ գտնվող ծառատեսակների փոխարինումը նույն կամ առավել հիմնավորված ցեղատեսակի ծառերով։
  • իրականացնել ինվազիվ ծառատեսակների հերթականությամբ հեռացումը և/կամ դրանց փոխարինումը։

Արձանագրությունն ընդունվել է աշխատաժողովի մասնակիցների կողմից, որը նրանք հաստատել են իրենց ստորագրությամբ։