Հասարակություն

Դիվերսիայի հետևանքով զոհված 3 ոստիկանների լուսանկարները

Արցախի ՆԳՆ-ն հրապարակել է այսօրվա դիվերսիայի հետևանքով զոհված 3 ոստիկանների լուսանկարները:

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ 

 

Արմեն Մայորի Բաբայան

Ծնվել է 1976 թվականի հունվարի 7-ին: 1993-1996թթ ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: 2007 թվականին ավարտել է Ստեփանակերտի Մ. Մաշտոց համալսարանի իրավագիտություն բաժինը: 

1999 թվականին ծառայության է ընդունվել ԼՂՀ ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումում: Ոստիկանության համակարգում ծառայել է մինչև 2008 թվականը, այնուհետև ծառայությունը շարունակել ԼՂՀ ԱԱԾ-ում/2008-2012թթ/:
2014 թվականից ծառայության է անցել Ոստիկանության պետական պահպանության վարչությունում իսկ 2015 թվականից ծառայությունը շարունակել Ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնում:

2018 թվականին նշանակվել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային հսկողության կետերի բաժնի պետ: 

Ծառայության ընթացքում արժանացել է մի շարք խրախուսանքների: Ուներ Ոստիկանության փոխգնդապետի կոչում: 

Ամուսնացած է, ունի երկու երեխա: 

Զոհվել է 2023 թվականի մարտի 5-ին, «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանական հերթափոխի ժամանակ, Ադրբեջանի զինուժի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով:

Դավիթ Վալերիի Դանիելյան

Ծնվել է 1980 թվականի օգոստոսի 22-ին: 2004-2006թթ ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: 2002 թվականին ընդունվել է Արցախի Պետական Համալսարանի  տեսական տնտեսագիտություն բաժին և 2008թ-ին ավարտել իրավագիտություն բաժինը՝ ստանալով մագիստրոսի կոչում:

2010 թվականին ծառայության է անցել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում:
2019 թվականից զբաղեցնում էր նույն վարչության անձնագրային հսկողության կետերի բաժնի պետի տեղակալի պաշտոնը:

Ծառայության ընթացքում արժանացել է մի շարք խրախուսանքների: Ուներ Ոստիկանության մայորի կոչում: 
Ամուսնացած է, ունի երեք երեխա: 

Զոհվել է 2023 թվականի մարտի 5-ին, «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանական հերթափոխի ժամանակ, Ադրբեջանի զինուժի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով:

Արարատ Թելմանի Գասպարյան

Ծնվել է 1997 թվականի հուլիսի 1-ին: 2015-2017թթ ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: 2022 թվականին ավարտել է Շուշիի Տեխնոլոգիական Համալսարանը: 

2019 թվականին ծառայության է ընդունվել Ոստիկանության Շուշիի շրջանային բաժնում, այնուհետև 2020 թվականի դեկտեմբերի 8-ից ծառայությունը շարունակել է Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում: 

2022 թվականին նշանակվել է ՃՈ ճանապարհապարեկային ծառայության սպայական գումարտակի տեսուչի պաշտոնին՝ լեյտենանտի կոչումով:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Զոհվել է 2023 թվականի մարտի 5-ին, «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանական հերթափոխի ժամանակ, Ադրբեջանի զինուժի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով: